Մատչելիության հղումներ

Ավտոդողերի գործարանի նախկին աշխատողները պահանջում են չվճարված աշխատավարձերը


Աշխատավարձի պարտքը կուտակվել է դեռ 1996 թվականից:

Ավտոդողերի գործարանի նախկին աշխատակիցները անցած մեկ տարվա ընթացքում նամակներ են հղել բոլոր պատկան գերատեսչություններ, պետական տարբեր դռներ ծեծել ու դատարաններ դիմել, բայց չեն կարողանում ստանալ 1996 թվականից ի վեր կուտակված աշխատավարձերը։

Գործարանը չի աշխատում 2008 թվականից։ Աշխատողներն ասում են՝ 2008-ից մինչ օրս միայն խոստումներ են լսում, բայց սայլը տեղից չի շարժվում։

«Ունենք նախագահի, պաշտպանության նախարարի պատասխանը, որ մեր պարտքը մինչև 2013-ի հունիսի 1-ը պետք է վերջնականորեն վճարվի։ Մինչ օրս, սակայն, ոչ մի դրամ, ոչ մի լումա չենք ստացել», - ասացին աշխատողները։

Նշենք, որ դեռ 2001-ին «Դողագործ» ընկերությունը մասնավորեցվել ու օտարվել էր ամերիկյան «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆաքչրինգ Քոմփնի» ընկերությանը, որի բաժնետերերից մեկը ազգությամբ հայ գործարար Սարգիս Խրիմյանն է: Ընկերությունը պարտավորվել էր ներդրումներ կատարել ու հզորացնել գործարանը, ինչպես նաև վճարել աշխատողների հանդեպ կուտակված աշխատավարձի պարտքը։ Սակայն գործարանը ոչ միայն չի վերագործարկվել, այլև սկսվել է սնանկության գործընթաց։

Աշխատավարձերի պարտքը մասնակի է վճարվել։ Այն, ի դեպ, կազմում է 364 միլիոն դրամ։ Աշխատողների պահանջը հասկանալի, արդարացի ու ընդունելի է «Ջեներալ Տրանսուորլդ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի համար։ «Ազատության» հետ զրույցում, սակայն, նա ասաց, որ այսօր աշխատողների պահանջը բարելավելու հնարավորություն չունեն. - «Օրենքով ժողովուրդը պահանջները ներկայացրել է դատարան, սնանկության գործընթացում դա ներգրավվել է պահանջների ցուցակում 2013 թվականին, բայց քանի որ գույքի օտարումից դեռևս չի ստացվել ամբողջական գումարը, այսօր մենք ժողովրդի պահանջը դեռևս չենք կարողանում մարել: Հենց գումարը եղավ, անմիջապես կմարենք։ Պաշտպանության նախարարությունն է անշարժ գույքը, գործարանը գնել։ Մենք պարբերաբար հանդիպում ենք, քննարկում ենք, որպեսզի մոտ ժամանակներս արագ հարցը լուծվի»։

Սնանկության գործով կառավարիչը այսօր բողոքի ակցիա իրականացնող աշխատողներին առաջարկեց պարտատերերի խորհուրդ կազմել և իր հետ միասին քննարկել կուտակված հարցերն ու առաջարկները՝ նաև այդ կերպ խնդրի լուծումն արագացնելով։

Եթե աշխատավարձերի վճարման հարցում պատկերավոր ասած՝ թունելի վերջում լույս է երևում, ապա խնդիրը գրեթե փակուղային է նույն գործարանում աշխատած ու աշխատանքի ընթացքում խեղումներ ստացած անձանց համար։ Գործարանն ունեցել է նման ավելի քան 80 աշխատող։ Նրանցից այսօր ողջ են միայն 7-ը, և նոր ընեկերությունը պայմանագրով որևէ պարտավորություն չունի նրանց հանդեպ։ Այդ պարտավորությունը մնացել է նախկին «Դողագործ» ընկերության ուսերին, որը պահպանել է իր 25 տոկոսի բաժնեմասը։

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը, սակայն, աշխատանքի ընթացքում հաշմվածների փոխհատուցումը վճարելու մասին որևէ հստակ բան չի ասում․ - «Սնանկության մասին օրենքով նրան գրանցված են պարտատեր, «Դողագործ» ՓԲԸ այսօր ոչինչ չունի, ընդամենը ինքն էլ է պարտատեր գրանցված «Ջեներալ Տրանսուորլդ»-ում 250 միլիոն դրամի չափով։ Նա պետք է փող տա, որ «Դողագործ»-ն էլ բաժանի»։

Աշխատողներն էլ ասում են, թե տասնյակ տարիներ առողջության համար ամենավտանգավոր գործարաններից մեկում աշխատել են, հաշմանդամ դարձել, ծերության հասակում էլ հիվանդություններն ավելի են խորացրել ու իրենք պետության կողմից անտերության են մատնվել։

«Վերքը մինչև ոսկորը հասած ես ինչ անեմ, հիմա ինձ բուժում ա պետք, մի ասեղի համար 17 000 դրամ փող են ուզում, ինչ անեմ ես։ Մենք ողորմություն չենք խնդրում, մեր իրավունք ենք պահանջում», - ասաց 73 ամյա աշխատողը։
XS
SM
MD
LG