Մատչելիության հղումներ

ՊՆ․ Ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարը


Հայկական զինված ուժերի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հայկական զինված ուժերի զինծառայողները դիրքերում, արխիվ

«Անտեսելով հայ - ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են», - այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ անցած օրերի ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարի ռեժիմը․ - «Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում: Թեև նախորդ օրերի համեմատությամբ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է, սակայն փետրվարի 9-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 58 կրակոց, որոնցից 54-ը` [Լեռնային Ղարաբաղի] Պաշտպանության բանակի (ՊԲ) առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 10-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 66 կրակոց, որոնցից 62-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 11-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 53 կրակոց, որոնցից 50-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 12-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 61 կրակոց, որոնցից 59-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Կրակոցների 10 տոկոսը եղել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով: Հայ դիրքապահները զերծ են մնացել պատասխան գործողություններից և ոչ մի կրակոց չեն արձակել»:

«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների կդիմեն միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով պարբերաբար հնչեցվող տեղեկություններին, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանագծի տարբեր հատվածներում, ապա նման լուրերն ընդամենն ապատեղեկատվության միջոցով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին ապակողնորոշելու ճղճիմ փորձեր են», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG