Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակային կենսաթոշակների պահումներից այսօր դժգոհում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցները, ովքեր առավոտյան ժամը 11-ից բողոքի ակցիա էին կազմակերպել ընկերության վարչական շենքի մոտ:

Աշխատակիցները ղեկավարությունից պարզաբանում էին պահանջում՝ ինչու եթե կա Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը, ղեկավարությունը պահումներ է կատարել աշխատավարձից:

«Մենք չենք ուզում, եթե օրենքը հաստատ կընդունվի, նոր կտանք, բայց երբ օրենքը կասեցվել է ՍԴ-ի կողմից, ի՞նչ իրավունքով են պահում մեզնից»,- հարցնում էր աշխատակիցներից մեկը։

«Եթե ասում են, որ «կարող էի չպահել, բայց պահել եմ, որպեսզի մարտի 28-ին էդ կասեցումները հանվեն ու քեզանից երեք ամսվա չպահեմ, ես քեզ հիմա լավություն եմ անում՝ քիչ-քիչ պահելով»... եղբայր, ինձ մի արա լավություն, դու իմ մասին չես կարող ավելի շատ մտածես, քան ես՝ ինքս։ Առանց իմ համաձայնության ո՞նց կարող է մեկը մտնի, իմ գրպանից գումար հանի օրը ցերեկով»,- ասում էր մեկ ուրիշ աշխատակից։

Աշխատակիցներին ընդառաջ դուրս եկավ ընկերության արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը: Խոստացավ, որ ղեկավարությունը ժամը 16-ին ժողով կանի, որի ընթացքում թերևս կտա հուզող հարցերի պատասխանը:

«Եթե որոշում կայացվի, որ չպետք է այդ պահումները կատարվեն, ետ կվերադարձնեն աշխատողներին։ Ժողովի հիմնական նպատակն մարդկանց բացատրելն է, որ այդ գանձնված գումարները չեն փոխանցվել հարկային տեսչության հաշիվներին»,- ասաց Մուրադյանը։

Դեռ 15-20 օր առաջ ՀԷՑ-ի մի խումբ աշխատակիցներ ստորագրահավաք էին կազմակերպել, դիմում ներկայացրել ղեկավարությանը՝ պահանջելով վճարել ամբողջ աշխատավարձը։ Սակայն ղեկավարությունը ուշադրություն չէր դարձրել աշխատողների այս պահանջին և կայացրել սեփական որոշումը: Եվ դա է պատճառը, որ աշխատողներն որոշել էին դիմել բողոքի ակցիայի:

«Երբ որոշվեց որ էսօր մենք պետք է գանք էստեղ, չգիտես ինչու որոշվեց, որ էսօր պետք է ժողով լինի, մինչ այդ ոչ ոք ռեակցիա չէր տալիս»։

Այդուհանդերձ, ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջանյանը չի կարծում, որ ընկերությունը որևէ օրենքի խախտում է արել՝ աշխատավարձերն ամբողջությամբ չվճարելով։

«Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ որևէ անօրինական բան է տեղի ունեցել, բնականաբար, գոյություն ունեն համապատասխան մարմիններ»,- ասաց Սարջանյանը։

Այսօր ակցիայի ժամանակ տարօրինակ մի բան պարզվեց. աշխատակիցները պնդում էին, որ թեև պարտադիր կուտակային մասին օրենքը ուժի մեջ է մտել 2014-ի հունվարից, աշխատողները անհասկանալի պատճառներով նաև պահումներով են ստացել դեկտեմբերի աշխատավարձը.- «Հունվարի 31-ին մենք ստացել ենք դեկտեմբերի աշխատավարձը, պահում է արվել։ Մենք մի ամիս ուշ ենք ստանում»։

«Դա հունվար ամսվա եկամուտն է, հունվար ամսին են ստացել այդ եկամուտը, հաշվառվում է այդպես»,- հակադարձեց Սարջանյանը։

Ինչպես նախորդ բողոքի ակցիաների ժամանակ, այսօր ՀԷՑ-ի աշխատողներին աջակցելու էին եկել «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամները: Գևորգ Գեորգիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մարդիկ սկսել են ինքնակազմակերպվել։

«Սկիզբն է նրա, ինչ մենք սպասում էին։ Մենք կանխատեսում էինք սա, որովհետև բազմիցս նշել ենք՝ երբ մարդիկ կստանան պակաս աշխատավարձ, այդ ժամանակ բողոքի նոր ակցիաներ կլինեն, նոր ալիք կբարձրանա»,- ասաց Գեորգիսյանը։

ՀԷՑ-ի աշխատակիցների և ղեկավարության ժողովը տևեց երկու ժամից ավելի: Ղեկավարությունը խոստացել է մեկ ժամում վերադարձնել բոլորի աշխատավարձից պարտադիր կուտակային կենսաթոշակի մասով պահումները, եթե աշխատակիցները կարողանան իրավաբան բերել և ապացուցել, որ պահումներ անելը հակաիրավական էր: Բողոքի ակցիայի մասնակիցները մեզ հաղորդեցին, որ փաստորեն պետական կառույցների ճնշման տակ է իրենց ղեկավարությունը դիմել այս քայլին: Հիմա քննարկվում են հետագա քայլերը՝ չբացառելով, որ հաջորդ բողոքի ակցիան կլինի ընդդեմ կառավարության:
XS
SM
MD
LG