Մատչելիության հղումներ

Թոքաբորբից զինվոր է մահացել, հարուցվել է քրեական գործ


Զինված ուժերի 19-ամյա զինծառայող Արշակ Զադայանի մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ. ինչպես «Ազատությանը» փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, նախաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մոտ մեկ տարվա զինծառայող Արշակ Զադայանը մահացել է երեկ հիվանդանոցում, նախնական պաշտոնական տեղեկություններով՝ սուր թոքաբորբից։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է ուշ են հիվանդին անհրաժեշտ բուժօգնությունը հատկացրել, և դա է եղել թոքաբորբի բարդացման և մահվան պատճառը, պաշտպանության նախարարությունից պարզաբանեցին, որ հիվանդությունը շատ արագ զարգացում է ունեցել։ Զինծառայողը, նախարարության տեղեկատվության համաձայն, եղել է արձակուրդում, երբ վերադարձել է զորամաս, բժիշկները նկատել են, որ հազում է։ Անմիջապես հոսպիտալացրել են, հետո տեսնելով, որ վիճակը բարդանում է, սկսել են տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներ, նախ՝ Կանազի հոսպիտալ, հետո փետրվարի 8-ին Երևանի կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ Փետրվարի 10-ին վիճակը շատ է վատացել, ստիպված են եղել տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, բայց երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։

Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Արշակ Զադայանի մոտ թոքաբորբը վերածվել է սեպսիսի՝ արյան վարակման։

«Շատ ագրեսիվ ընթացքով հիվանդություն է այդ թոքաբորբը, որը բարդանում է սեպսիսով։ Կա վիճակագրություն, որ, օրինակ, Գերմանիայում նման սեպտիկ վիճակներից մահացությունը մինչև 80 տոկոս է», - նշեց Ասատուրյանը։

Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 9-ի երեկոյան անակնկալ այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ. նախարարությունից տեղեկացանք, որ նախարարի անհանգստության գլխավոր առիթը հոսպիտալում թոքաբորբով պառկած երեք երիտասարդներն են եղել, այդ թվում՝ Արշակ Զադայանը։ Մյուս երկուսի վիճակն արդեն լավ է։

«Ամեն օրգանիզմ, ամեն հիվանդ յուրահատուկ է տվյալ հիվանդությունը տանում, և ամեն մի թոքաբորբ նույնը չի, տարբեր հարուցիչների մասին է խոսքը, որն ավելի մեղմ է ընթանում, որը՝ առավել ագրեսիվ, իհարկե, նաև կախված օրգանիզմի առանձնահատկություններից»,- պարզաբանեց կայազորային զինվորական հոսպիտալի պետը։

Արշակ Զադայանը Գորիսից է, բանակ է զորակոչվել անցյալ տարվա գարնանը։

Իրավապաշտպանները «Ազատության» հետ զրույցներում թերահավատորեն էին վերաբերվում պաշտոնական հավաստիացումներին, որ զինվորն ամենայն հավանականությամբ արձակուրդում եղած ժամանակ դրսում է թոքաբորբով վարակվել, այլ ոչ թե զորամասում։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ վերջին շրջանում թոքաբորբը բանակում լուրջ խնդիր է դարձել, որի տարածման պատճառներից մեկն էլ նրանք համարում են ձմեռվա սառնամանիքին նորակոչիկներին 6-10 ժամ զինկոմիսարիատների դիմաց սառեցնելը։

«Իհարկե, չեմ բացառում, որ ամեն ինչ արվել է զինվորի կյանքը փրկելու համար, բայց պետք է նախ և առաջ ճշտել, թե ինչո՞ւ հասավ սրան։ Ուզում եմ հիշեցնել, որ տարեսկզբից սա արդեն երրորդ մահացության դեպքն ՝ առողջական պատճառներով։ Մենք տենդենց ենք տեսնում առողջական խնդիրներով մահացությունների, և հատկապես՝ թոքաբորբից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը։

«Պաշտպանության նախարարը դիմել էր Կառավարությանը՝ խնդրելով բրենդային դեղամիջոցների գնման համար միջոցներ տրամադրել՝ ընդդեմ թոքաբորբի։ Սա նշանակում է, որ Զինված ուժերում կա թոքաբորբի համաճարակ», - նկատեց Նազարյանը՝ ընդգծելով, որ պետությունը պատասխանատու է զինվորի կյանքի համար։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «արդարացում» որակեց տանից վարակված գալու՝ պաշտոնական վարկածը։ Նա ևս Արշակ Զադայանի գործով լուրջ հետաքննության անհրաժեշտություն է տեսնում՝ հիշեցնելով անցած ամիս երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացված Մհեր Խլղաթյանի ծեծի դեպքը։

«Այդ արդարացումները ոչ մի կերպ չեն արդարացնում նախարարությանը», - ասաց Ալեքսանյանը. - «Մենք Մհեր Խլղաթյանի դեպքով տեսանք, թե ինչ վերաբերմունք է հիվանդ զինծառայողի նկատմամբ, թե բուժկետում զինվորն ինչ վիճակում էր՝ թոքաբորբով և «սիմուլյանտի» կարգավիճակով, բժիշկը շարունակ պնդել էր, որ նա սիմուլյանտ է։ Չեն հավատում, երբ զինվորը բողոքում է, որ ինքը հիվանդ է, բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ մենք պետք է ձեզ հավատանք հիմա, երբ որ դուք ասում եք՝ «տանից է եկել, կայծակնային է»։ Գիտեք, մահվան դեպքերը շատ են հենց հիվանդության պատճառով։ Ծայրահեղ վիճակում, երբ ծնողին տեղեկացնում են, և ծնողը չի կարող արդեն փրկել իր երեխայի կյանքը, և հետո պայմաններ էլ չեն ստեղծում, որ ծնողը գոնե ինքը փրկի այդ երեխային»։
XS
SM
MD
LG