Մատչելիության հղումներ

logo-print

Մասիսցիները դեմ են կուտակայինին, բայց պայքարի հետ հույսեր չեն կապում


Արարատի մարզի Մասիս քաղաքում քաղաքացիների զգալի մասը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքին, սակայն մեզ հանդիպած բնակիչները չէին հավատում, թե բողոքի ակցիաների, քաղաքացիական անհնազանդության միջոցով հարց կարող է լուծվել: Առավել ևս, որ աշխատանք ունեցող երիտասարդների թիվն այստեղ շատ փոքր է:

Մասիսի քաղքապետարանում հատուկենտ աշխատակիցներ խոստովանեցին, որ հունվարի աշխատավարձը ստացել են ամբողջությամբ: Շարքային աշխատակիցների համար այս փաստը շատ ուրախալի էր և անսպասելի` լսել էին, որ պետական բոլոր կառույցներում պահումներ արվել են: Ֆինասնական բաժնի աշխատակիցներից պարզեցինք, որ քաղաքապետարանը հաշվետվությունը ներկայացրել էր հունվարի 29-ին, երբ Պետական եկամուտների կոմիտեն իր կայքում դեռ չէր տեղադրել պարտադիր կուտակային կենսաթոշակի դաշտով հաշվետվության ձևը: Քաղաքապետարանում արդեն շրջանառվում էին լուրեր, որ փետրվարին գուցե պահեն նաև հունվարի 5 տոկոսը:

«Բայց հիմնարկ-ձեռնարկություններին հանձնարարություն իջեցրել են [որ պահեն]: Պահում են, բայց չեն փոխանցում, որովհետև ոչ քաղաքացի նորմալ ֆոնդ չի ընտրել», - մեզ հետ զրույցում ասաց ֆինանսական բաժնի աշխատակիցներից մեկը:

Կրթական հաստատություններին արդեն հրահանգել են պահումներ անել հունվարի աշխատավարձից: Հանրակրթական դպրոցներից մեկում ուսուցիչները խոստովանեցին, որ վրդովված են, ոմանք նույնիսկ դիմում են ներկայացրել ղեկավարությանը՝ պահանջելով ետ տալ իրենց փողերը:

«Դեմ ենք, որովհետև մեր աշխատավարձը այնքան ցածր է... և չեմ կարծում, որ այդքան վստահելի է մեր կառավարությունը և հույս էլ չունեմ, որ ապագայում այդ կուտակայինից ինչ-որ մի բաժին մեզ կհասնի», - «Ազատությանը» փոխանցեց ուսուցիչներից մեկը:

Ուսուցիչները պնդում էին, որ ճնշումների չեն ենթարկվել, սակայն զրույցի ընթացքում հասկացանք, որ ոմանք, չնայած դեմ են օրենքին, ֆոնդեր ընտրել են:

«Չեն ստիպել, ուղղակի գիտեինք` պիտի ընտրենք, մեր երկրում այդպես է, գնացինք ընտրեցինք», - ասացին նրանցից ոմանք:

Մասնավոր կառույցներում, սակայն, իրավիճակը այլ էր: «Գարուն» կարի արտադրամասի տնօրեն Վոլոդյա Եղիազարյանը շատ վրդովված էր պարտադիր կուտակայինի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից: Ասաց, որ քաղաքում առանց այդ էլ աշխատող չի մնացել, եթե հիմա նրանց աշխատավարձից էլ պահի, ո՞վ պետք է աշխատի:
XS
SM
MD
LG