Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը հուսով է, որ տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով


Վրաստանի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Բաքվում:
Վրաստանի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Բաքվում:
Վրաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խորացնել առանց այդ էլ սերտ երկկողմ համագործացկությունը: Դա պարզ դարձավ այսօր Իլհամ Ալիևի և Գեորգի Մարգվելաշվիլիի` Բաքվում կայացած բանակցությունների ավարտին: Նշեմ, որ սա աշնանն ընտրված Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան:

«Վաղուց չէի եղել ձեր երկրում», - դիմելով «Զագուլբա» պալատում իրեն հյուրընկալած Իլհամ Ալիևին՝ հայտարարեց Վրաստանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ երկկողմ բանակցությունների հիմնական թեմաներից էր սառեցված հակամարտությունների լուծումը:

«Մեր երկու պետությունները մշտապես աջակեցել են իրար: Դա վերաբերում է նաև տարածքային ամբողջականության խնդրին: Հայտնի է, որ թե՛ Վրաստանի և թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է` միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ: Պատահական չէ, որ մեր երկու երկրները ակտիվորեն համագործակցում են միջազգային տարբեր կառույցներում», - հայտարարեց Ալիևը` հատուկ ընդգծելով, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական գործընկերության մակարդակի վրա:

«Ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո Դուք կրկին Բաքվում եք: Ձեր այցը երկկողմ հարաբերությունների համատեքստում շատ մեծ կարևորություն ունի: Պատմությունն ու համատեղ առօրյան այն օղակներն են, որոնցով փոխկապակցված են Վրաստանն ու Ադրբեջանը: Այժմ մենք համագործակցում ենք որպես անկախ պետություններ և ես համոզված եմ, որ հետագայում մենք կկարողանանք է՛լ ավելի խորացնել համագործակցությունը: Վրաստանը մեզ համար եղբայրական, գործընկեր, հարևան պետություն է: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները հետագայում ևս բավական դինամիկ կերպով են զարգանալու», - հայտարարեց Ալիևը:

Գեորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ ևս Բաքուն ու Թբիլիսին պետք է շարունակեն սերտացնել կապերը` միաժամանակ փոխադարձ աջակցություն ցուցաբերելով միջազգային ասպարեզում:

«Մեր երկրները առանձնահատուկ համագործակցության ձևաչափ են ստեղծել: Մենք աշխատում ենք երկկողմ հարաբերություններում նոր հնարավորություններ, այլ ոչ թե խնդիրներ ստեղծել: Մենք եղբայրական պետություններ ենք և ունենք նմանատիպ խնդիրներ` նախևառաջ կապված տարածքային ամբողջականության հետ: Հուսով եմ, որ այդ հարցերը իրենց լուծումը կգտնեն խաղաղ ճանապարհով», - հայտարարեց Մարգվելաշվիլին:

Հարկ է նկատել, որ Վրաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը բավական հագեցած էր: Նախագահ Ալիևի հետ հանդիպման ավարտին Մարգվելաշվիլին բանակցություններ է ունեցել նաև երկրի խորհրդարանում` Միլի Մեջլիսում, ապա պաշտոնական ճաշկերույթի շրջանակներում հանդիպել է կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեի հետ: Ադրբեջանի վարչապետի հետ բանակցությունները Մարգվելաշվիլիի այցի առանցքային օրակարգային կետերից էին` հաշվի առնելով այն դերակատարությունը, որ ձեռք է բերել Ադրբեջանը հարևան երկրի տնտեսական կյանքում:

Նշենք, որ այսօր Բաքուն և Թբիլիսին մի շարք տրանսպորտային և էներգտիկ նախագծեր են իրականացնում, ինչպես օրինակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերի համատեղ շահագործումը:

Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող առաջատար պետություններից մեկն է: 2012 թվականին, օրինակ, ադրբեջանական ուղղակի ներդումների ծավալը Վրաստանում կազմել է շուրջ 60 միլիոն դոլար: Այս ցուցանիշով ադրբեջանական բիզնեսը չորրորդ տեղում էր` զիջելով միայն գերմանացիներին, բրիտանացիներին և թուրքերին: Բացի այդ, Վրաստանում գործող խոշորագույն բիզնես կառույցներից մեկը Ադրբեջանի պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունն է` SOCAR Energy Georgia-ն: Այն վերահսկում է Վրաստանի բենզինի շուկայի 71 և դիզելային վառելիքի շուկայի 62 տոկոսը: Ընկերությունը Վրաստանի տարածքում 110 բենզալցակայան ունի, տասը տարում շուրջ 400 միլիոն դոլարի ուղղակի ներդրում է իրկանացնել երկրում` յոթ տարի անընդմեջ ճանաչվելով Վրաստանի խոշորագույն հարկատու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG