Մատչելիության հղումներ

Երևանի ամենալուրջ խնդիրը «պատմամշակութային շերտի վերականգնումն է»


Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բասեղյանի պաշտոնավարման ընթացքում նորարարությունների ու նախկին գլխավոր ճարտարապետի ձեռագրից կտրուկ շեղումների պետք չէ ակնկալել։ Տիգրան Բարսեղյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ է պատրաստվում փոխել Երևանում։

Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունների շրջանակում գտնվող քաղաքի ամենալուրջ խնդիրներից մեկը հին Երևանի մշակութային վերացված շերտի վերականգնման հարցն է։ 2000-ականներից ի վեր Երևանում ապամոնտաժված նախախորհրդային շրջանի մոտ 30 շենքերի վերականգնումը փակուղում հայտնված հարց է։ Քաղաքապետարանը ցանկանում է ավելի քան 15 քանդված շենք վերականգնել Գլխավոր պողոտայում, կա նախագիծ՝ «Հին Երևան», բայց դեռևս չեն գտնվում ներդրողներ այն իրականացնելու համար։

Խոսելով նախագծի իրականացման մասին՝ Տիգրան Բարսեղյանը խորհուրդ տվեց «լինել լավատես և մի քիչ էլ սպասել»։

«Հին Երևան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ մոտ 340 մետր երկարությամբ փողոց կառուցելու համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար, որը պետք է ներդնեն մի քանի գործարարներ։

Գլխավոր ճարտարապետը ասաց, որ պետական ներդրումներով մշակութային արժեքները վերականգնելու տարբերակը անգամ չի քննարկվել։ Մինչդեռ ժամանակին այդ շենքերը քանդվում էին պետության թույլտվությամբ, և չնայած ապամոնտաժելիս շենքերի դիմապատերի քարերը համարակալվում էին, այսօր հայտնի չէ, թե որտեղ են դրանք։

«Պետական միջոցները բիզնես ծրագրերում սովորաբար չեն ներդրվում։ Սա շահավետություն ակնկալող և պետության կողմից գնահատված ու գերակա շահ հայտարարված ծրագիր է», - ասաց Բարսեղյանը։

«Հին Երևան» նախագծի անորոշ ճակատագրին չի արժանանա կրկեսի շենքը. գլխավոր ճարտարապետն ասաց, որ այն կկառուցվի 3-4 տարվա ընթացքում։ Նա անդրադարձավ նաև քաղաքի կենտրոնի կառուցապատմանն առնչվող աղմուկ հանած երկու հարցերին։ Սայաթ-Նովա 10 հասցեում, որտեղ փոքր տարածքում կառուցպատմանը խիստ դեմ են բակի բնակիչները, ըստ գլխավոր ճարտարապետի, ամեն ինչ օրենքի սահմաններում է, իսկ Սայաթ-Նովա 23 և 25 հասցեների շենքերի միջև ընկած տարածքի կառուցապատման հարցը «պետք է լուծվի դատարանում»։ 2004-ին քաղաքապետարանի վաճառած երկու շենքերի միջև ընկած տարածքը բնակիչների՝ դեպի բակ տանող անցուղին էր։
XS
SM
MD
LG