Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, և հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ - իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան - Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան - Իրան երկաթգծի և Իրան - Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը Հայաստանի կառավարության առաջնահերթություններն են, և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար:

«Մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը», - ասել է Սարգսյանը:

Նշվել է նաև, որ հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում:

Երկուստեք կարևորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը, դեսպանը վարչապետին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և Իրան այցելելու հրավերը:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ [նշվում է փետրվարի 11-ին] և մաղթել հաջողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG