Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպացի խորհրդարանականները կասկածվում են Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ


Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Կասկածվողներից մեկը Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է:

Եվրոպական խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մտադիր է քննարկել 9 օրենսդիրների հարցը, ովքեր կասկածվում են անցյալ տարվա հոկտեմբերին նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ:

Եվրոպական մի շարք հեղինակավոր գործակալություններ գրում են, որ Կրիստինա Օյուլանդը, Յացեկ Վլոսովիցը, Սլավի Բինևը, Ժիրի Մաստալկան, Իվո Վայգլը, Ալեքսանդրա Թեյնը, Հանու Թակուլան, Օլեգ Վալյալոն և Նիք Գրիֆինը եվրոպական պառլամենտի պատգամավորներ են, ովքեր անցյալ տարի հոկտեմբերին մեկնել էին Ադրբեջան` ընտրությունները վերահսկելու համար: Այժմ պարզվել է, որ նրանք «մոռացել են» հայտնել Եվրախորհրդարանին, որ Ադրբեջանի կառավարությունն է իրենց հրավիրել, և չեն հայտարարագրել իրենց այցը կայքում, ինչպես պահանջում է էթիկայի կոդը: Անցյալ հուլիսին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքի համաձայն՝ ցանկացած հրավեր, որի ծախսերը գերազանցում են 150 եվրոն՝ լինի ֆուտբոլի խաղ, շոուին մասնակցություն կամ ճամփորդություն, պետք է հայտարարագրվի կայքում:

Ուշագրավ է, որ այս կասկածվող պատգամավորներից մեկը` Կրիստինա Օյուլանդը նաև Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է, որի նիստը օրեր առաջ կայացավ Ստրասբուրգում: Առաջին անգամ նիստը ավարտվել էր առանց համատեղ հայտարարության, հայ պատգամավորների խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարցում եվրոպացիների կոշտ ու ոչ հայանպաստ ձևակերպումների պատճառով:

Եվրախորհրդարանը մտադիր է քննել նշված պատգամավորների հարցը և հարկ եղած դեպքում պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ: Խորհրդարանի հատուկ կոմիտեն անհանգստացած է նաև, թե արդյո՞ք Ադրբեջան այցելած խորհրդարանականները վարձատրվել են Ադրբեջանի կողմից իրենց ծառայությունների համար:

Ուշագրավ է, որ այցից հետո եվրոպացի պատգամավորները Ադրբեջանի ընտրությունները գնահատել էին որպես ազատ և արդար` հակադրության մեջ մտնելով, փաստորեն, ԵԱՀԿ-ի զեկույցի հետ, որը լուրջ խնդիրներ էր մատնանշել, մասնավորապես, խոսքի և հավաքների ազատության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG