Մատչելիության հղումներ

Սամվել Ֆարմանյան. ԵՄ-Հայաստան տապալված նիստի պատճառը Ռուսաստանը չէ


Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, հակադարձելով գործընկերներին, երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հանձնաժողովի նիստի վերջում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ համատեղ հայտարարության չստորագրման պատճառն ամենևին Ռուսաստանի գործոնը չէ։

«ՀՀ իշխանությունը երբևէ կշեռքի նժարին չի դրել և չի դնում իր արտաքին քաղաքական հարաբերությունները ուժային տարբեր կենտրոնների հետ։ Գաղտնիք չէ՝ ՀՀ-ն հայտարարել է, որ հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության երկկողմ ձևաչափով ռազմավարական մեր գործընկերության խորացմանը։ Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն հայտարարել է և շարունակում է հայտարարել, որ հավատարիմ է Եվրամիության հետ՝ որպես կարևորագույն գործընկերներից մեկը, հնարավորինս խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները, ուստի որևէ ձևակերպում՝ ցածրարժեք և բարձրարժեք լինելու մասին համարում եմ ոչ հիմնավոր և իրականությունից չբխող»,- հայտարարեց Ֆարմանյանը։

Անցած շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքում համատեղ հայտարարություն չի ընդունվել։ Սա թերևս առաջին դեպքն է, երբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ նիստն ավարտվել է առանց ընդհանուր եզրահանգման, առանց համատեղ հայտարարության։ Հայաստանը ներկայացնող պատգամավորներից շատերը, այս հարցում մեղադրելով պատվիրակության ղեկավար Ֆարմանյանին, նկատում են, որ նա առաջնորդվել է ոչ թե իրենց տեսակետները հարցնելով, այլ անմիջական ղեկավարների կարծիքներով։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրականում հայտարարություն չի ստորագրվել Ռուսաստանին ավելորդ բացատրություններ չտալու համար.- «Իսկ եվրոպական կողմը չի ցանկացել ընդունել հայտարարություն, որպեսզի այդպիսով ինչ-որ առումով ի չիք դարձնի հայկական պատվիրակության վերջին տարիներին անընդհատ արվող արձանագրությունը, որ Ադրբեջանը չի կարողանում ընդունել հայտարարություն, մենք կարողանում ենք»։

«Մենք Ստրասբուրգում ենք եղել, բայց եկել ենք Երևան և պարզվել է, ոչ թե մենք ենք բանակցում փաստաթղթի շուրջ, այլ Հովիկ Աբրահամյանն ու Էդվարդ Նալբանդյանը։ Գնացեք, իրենցից էլ հարցրեք՝ իրենք կողմ էին, թե դեմ։ Երևի դեմ էին։ Թե չէ էստեղ գալ և ասել՝ Ղարաբաղը տանում էին եվրոպացիք, հանձնում էին Ադրբեջանին, Մոտրոսովի նման կանգնեցինք գնդացիրի դեմը փակեցինք...», - ասաց Փաշինյանը, ում Ֆարմանյանը խորհուրդ տվեց «կոռեկտ արտահայտվել»։

Հանձնաժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պնդում են, թե անցած շաբաթ Ստրասբուրգում հենց Ֆարմանյանի մեղքով չընդունված հայտարարությունն, այնուամենայնիվ, կարող էր ընդունվել, եթե Ֆարմանյանը հնարավորություն ստեղծեր բանակցելու եվրոպացի պատգամավորների հետ։ Նա կարող էր բանակցել, այլ ոչ թե միանձնյա որոշումներ կայացնել, ասում էին թե Դաշնակցության, թե «Ժառանգության», թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի ներկայացուցիչները։

Մինչդեռ Սամվել Ֆարմանյանը պնդում է, որ եվրոպացի պատգամավորների հետ քննարկումների արդյունքում բոլոր հարցերի շուրջ համաձայնության են եկել, բացի Լեռնային Ղարաբաղի հարցից։ Նրանք հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ են մեջբերել՝ որևէ վկայակոչում չանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մինչ այս հայկական պաշտոնական հաղորդագրություններում բերված միջազգային փաստաթղթերին ու սկզբունքներին։ Բանակցելու տեղ չկար, պարզաբանում էր Հանրապետականի ներկայացուցիչը։

«Ազատության« հետ զրույցում Ֆարմանյանը նշեց, որ կարելի է ենթադրել եվրոպացի պատգամավորների դիրքորոշման կոշտացումը՝ նկատի ունի Մաքսային Միությանը Հայաստանի միանալու մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին Ֆարմանյանը գրել էր.- «Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող, եթե ոչ ուղղակիորեն վնասող մոտեցումների կիրառումը»։ Այսօր, սակայն, նրա տեսակետը փոքր-ինչ տարբերվում էր։

«Հայաստան-ԵՄ հարաբերություններում ունեցած հնարավոր չհասկացվածությունը որևէ մեկը կարող է իրեն իրավունք վերապահել դրսևորել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ունեցած դիրքորոշումների կոշտացմամբ։ Սա անընդունելի է»,- ասաց նա։
XS
SM
MD
LG