Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառում իր հանդիպման հնարավորությունը Վլադիմիր Պուտինի հետ: Այս թեման Վրաստանի քաղաքական օրակարգում կրկին հրատապ դարձավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը երեկ Սոչիում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց, թե պատրաստ է հանդիպել Մարգվելաշվիլիի հետ` «եթե իհարկե նա ցանկանա»:

Մարգվելաշվիլին, ընդհանուր առմամբ դեմ չլինելով հանդիպման գաղափարին, այնուհանդերձ չի շտապում քննարկել ապագա բանակցությունների մանրամասները:

«Եթե նման հանդիպումը կարող է դրական լիցք հաղորդել վրաց-ռուսական հարաբերությունների զարգացմանը, եթե Ռուսաստանի կողմից խնդրահարույց թեմաները քննարկելու ցանկություն կա, ապա մենք լուրջ խորհրդակցություններ կկազմակերպենք` քննարկելու համար նման բանակցությունների նպատակահարմարությունը: Մենք պատրաստվում ենք այս հարցը քննարկել նաև մեր արևմտյան գործընկերների հետ», - նշում է Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլիի համոզմամբ` Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները չափազանց բարդ են` հապշտապ որոշումներ կայացնելու համար:

«Վրաց-ռուսական հարաբերությունները մեր օրակարգի ամենալուրջ պրոբլեմն են, ուստի մենք պետք է կարողանանք լրջորեն վերլուծել Պուտինի կողմից հնչեցված այս ռեպլիկը», - հայտարարեց Մարգվելաշվիլին:

Ի դեպ` երեկ Պուտինը հայտարարեց նաև, որ ձմեռային օլիմպիադայի օրերին բացված Թբիլսի-Սոչի ուղիղ ավիաչվերթը կշարունակի գործել նաև խաղերի ավարտից հետո: Այս մասին արդեն Պուտինը հայտարարեց երեկ երեկոյան` Սոչիի օլիմպիադայի նախապատրաստմամբ զբաղվող հանրային խորհրդի նիստի ժամանակ, երբ մասնակիցներից մեկը կրկին խոսեց Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունների մասին:

«Կարծում եմ, որ այս ամենը լավ նախադրյալներ կստեղծի հարաբերությունների կարգավորման համար: Վրաստանը մեր մերձավորագույն հարևանն է, մենք փոխկապակցված ենք շատ սերտ ու վաղեմի հարաբերություններով: Հուսով եմ, որ նախորդ տարիների ողբերգությունները կմնան անցյալում»,- նշում էր Պուտինը:


Մոսկվայի դիվանագիտական այս ռևերանսներն էին, թերևս պատճառը, որ այսօր Թբիլիսիում հրավիրած ասուլիսում Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն նույնիսկ կոչ արեց ընդլայնել դեռ չմեկնարկած ռուս-վրացական երկխոսության շրջանակը:

«Ես կարծում եմ, որ Պուտինի հետ կարող է հանդիպել ոչ միայն Վրաստանի նախագահը, այլև վարչապետը: Բայց նման հանդիպում անցկացնելու համար նախևառաջ պետք է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք իրականացնել: Քանի որ մեր երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, ապա կարող ենք ակնկալել, որ նման հանդիպումները կդառնան երկկողմ շփումների կարգավորման սկիզբ», - նշում էր Կալաձեն:

Մի քանի ժամ առաջ էլ հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ևս հայտարարեց, որ պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստել Վլադիմիր Պուտինի հետ:
XS
SM
MD
LG