Մատչելիության հղումներ

Միջանցիկ մուտքը կբացվի միայն համապատասխան դատական որոշման դեպքում


Քաղաքապետարանը կոչ է անում Սայաթ Նովա 23 եւ 25 շենքերի բնակիչներին կրկին դիմել դատարան, եթե ուզում են իրենց շենքերի միջանցիկ մուտքը օգտագործել որպես մուտք, քանի որ այն արդեն սեփականաշնորհված է:

Հիշեցնենք՝ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ երկու շենքերի միջանցիկ մուտքը, դեռևս 10 տարի առաջ, սեփականաշնորհվել է, իսկ քաղաքապետարանը 2004-ին, ապա նաև՝ 2012-ին, տվել է այդ մուտքում և դրան կից կառուցապատում իրականացնելու թույլտվություն: Թե ինչի՞ հիման վրա է տրվել այդ թույլտվությունը, երբ մուտքի համասեփականատեր հանդիսացող քաղաքացիները համաձայն չեն եղել, որպեսզի այն այլ անձի կողմից սեփականաշնորհվի, քաղաքապետարանը չի պարզաբանում:

Երևանի քաղաքապետարանը հիմնավորել է, թե երկու շենքերի բնակիչները կարող են օգտվել շենքի հետնամասում առկա այլ մուտքերից, իսկ այս մեկը՝ միջանցիկը, կարելի է և փակել, քանի որ դա չի խանգարում բնակիչներին: Մինչդեռ, վերջիններս հակառակն են պնդում․ նրանց խոսքով, որպեսզի այժմ Սայաթ-Նովայի վրա գտնվող իրենց բնակարան հասնեն, պետք է բակ մտնեն կամ Նալբանդյան փողոցից, կամ էլ շրջանցելով ողջ շենքը՝ անցնեն մեկ այլ շինարարության կողքով, որտեղից ժամանակ առ ժամանակ շինանյութ է թափվում:

«էնտեղ միշտ կանգնած է մի հոգի, որ աշխատում են, ասում է էստեղով մի քայլեք, կամաց քայլեք, շինարարությունից թափումա, մեքենաները գնում են, անձրև է գալիս` խնդիր է, ձյուն է` խնդիր է», - «Ազատությանը» փոխանցեցին բնակիչները:

Նրանք ցույց էին տալիս լուսանկարներ, որոնք արել էին անձրևի ժամանակ և որտեղ երևում է, թե ինչպես է ամբողջ բակը անձրևաջրով ողողվում` դժվարացնելով դեպի ներկայիս մուտքերը տանող ճանապարհը: Ի դեպ, մեր զրույցի ողջ ընթացքում մեքենաները, շրջանցելով խցանված փողոցը, անցնում էին հենց այս բակի միջով: Իսկ վիճահարույց մուտքին կից սարքված կառույցը, ըստ բնակիչների, խիստ կբարդացնի դրությունը արտակարգ իրավիճակների դեպքում:

«Ոչ շտապ օգնության, ոչ հրշեջ մեքենաները չեն կարողանում անցնել այստեղով այս կցակառույցի պատճառով, սա փակել է այդպիսի մեքենաների մուտքը», - պատմում էին բնակիչները:

Նրանք ցույց էին տալիս «Ավելի լավ Երևան» գրությամբ նամակները, որոնք ստացել են նախընտրական շրջանում և ասում, որ դրանցում նշված խոստումները խոստում մնացին:
XS
SM
MD
LG