Մատչելիության հղումներ

Թանգարանի աշխատակիցները «կամավոր» գնացել էին կուտակային ֆոնդ ընտրելու


Այսօր առավոտյան Սարդարապատ թանգարանի և դրա կազմի մեջ մտնող Մուսալեռան հերոսամարտի թանգարանի մի խումբ աշխատակիցներ ավտոբուսով ուղևորվել են Արմավիր քաղաքում գտնվող «ՎՏԲ» բանկ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգին մասնակցելու համար կուտակային ֆոնդ ընտրելու։

«Ազատության» աղբյուրը, ով տեղեկացրել էր այս մասին, պնդեց, որ աշխատակիցներին նման քայլ թանգարանի ղեկավարությունն է պարտադրել։ Արամավիր մեր այցելության պահին հիշյալ թանգարանների աշխատակիցների մի մասն արդեն ընտրել էր ֆոնդը, թեև ինչպես «Ազատության» հետ զրույցում նրանք խոստովանեցին, թերահավատորեն են մոտենում համակարգին։

«Հայաստանում ընդհանրապես կամավոր բան լինո՞ւմ է»,- հարցրեց աշխատակիցներից մեկը։

Ավտոբուսը, որով աշխատակիցները եկել էին բանկ, թանգարանի ծառայողական մեքենան էր։ Նրանք պատմեցին, որ իրենց հետ ղեկավարությունից մի քանի ներկայացուցիչներ են եկել, ովքեր հավանաբար լրագրողներին տեսնելուց հետո, հեռացել են տարածքից։ Քիչ անց երկու տղամարդու ուղեկցությամբ ավտոբուս մտավ մի տարեց կին, ով ինչպես պարզեցինք ավելի ուշ, Մուսալեռան հերոսամարտի թանգարանի մասնաճյուղի տնօրեն է։ Նա պահանջեց, որ դուրս գանք ավտոբուսից, քանի որ իրենք շտապում են աշխատանքի։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է եկել, եթե չի կարող ֆոնդ ընտրել, պատասխանեց, թե եկել է ոսկի գրավ դնելու։

«Ինչո՞ւ ես պիտի կազմակերպեմ, բոլորը չափահաս մարդիկ են և ունեն անձնագիր»,- ասաց նա։

Կնոջ հետ խոսակցությանը միջամտեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես թանգարանի շահագործման և պահպանության գծով փոխտնօրեն։ Նա պնդեց, որ ոչ մեկին չեն ստիպել, և չափահաս մարդիկ իրենք են որոշել ֆոնդ ընտրել, թանգարանի տնօրինությունն էլ սիրով տրամադրել է ավտոբուսը և աշխատանքային ժամին թույլատրել գնալ ու ֆոնդ ընտրել։

Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեկ ժողով է հրավիրել և աշխատակիցներին թույլատրել աշխատանքային ժամին գնալ ֆոնդ ընտրելու։ Ավելին՝ ընդառաջել է նրանց խնդրանքին և տրամադրել ավտոբուս։ Նա ևս պնդեց, որ աշխատակիցներին ոչ ոք չի ստիպել, բոլորը կամավոր են գնացել։

«Որևէ մեկը ժողովի ժամանակ առարկություն չի ունեցել։ Ես բացատրել եմ, հարց եմ տվել, թե ինձ ուղղված հարցեր կան, հարցեր չեն եղել, առարկություններ չեն եղել»,- ասաց տնօրենը.- «Ես չեմ լսել համակարգին իրենց հավատալ-չհավատալու մասին, հավատալ-չհավատալը դեռևս հիմք չէ օրենքը չկատարելու համար»։

Արիստակեսյանը ասաց, որ թեև ինքը տարիքի պատճառով չի կարող մասնակցել այս համակարգին, բայց կարծում է, որ ֆոնդ ընտրելը ճիշտ է, քանի որ ինչպես նա ասաց, հետագայում եթե Ս Դ որոշի, որ համակարգը գործելու է, ապա երեք ամսվա պահումները պետք է վճարի թանգարանը, այդ իսկ պատճառով էլ պահումները արվում են։ Իսկ ֆոնդը ընտրում են, քանի որ գումարները ինչ-որ տեղ պետք է պահվեն։ Ի դեպ, աշխատակիցները դեռ հունվարի աշխատավարձը չեն ստացել, միայն ֆոնդը ընտրելուց հետո են աշխատավարձերը փոխանցվելու։

Աշխատակիցները մեր այն դիտարկմանը, թե կարող են դեռ ֆոնդ չընտրել, քանի որ օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման փուլում է, արձագանքեցին, թե իրենց կարծիքով՝ դա ավելորդ ձգձգում է, և արդյունքում բան էլ չի փոխվի։

Կարեն Արիստակեսյանը ասաց, որ երեկ համակարգին մասնակցող 38 աշխատակիցների հետ ժողովի ընթացքում չի ասել, որ կարող են ֆոնդ չընտրել, միայն ներկայացրել է ֆոնդերը և դրանց կառավարիչներին։

Աշխատակիցները մեզ հետ զրուցում ասացին, որ թեև սա կհարվածի իրենց բյուջեին, բայց աշխատավարձն այնքան փոքր է, որ պահումները ընդամենը մի քանի հազար դրամ են կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG