Մատչելիության հղումներ

Մոսկվան դեռ չի արձագանքել հայ ներգաղթյալների համար վիզային ռեժիմը մեղմացնելու խնդրանքին


Մոսկվան դեռ չի արձագանքում վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար մեղմացնելու՝ Երևանի խնդրանքին։ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Արթուր Միսաքյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նամակին ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևը դեռ չի պատասխանել։ Բայց հայկական կողմը դրական ակնկալիքներ ունի։

Արթուր Բաղդասարյանն օրերս է Պատրուշևին դիմել՝ ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու հարցը քննարկելու և Ռուսաստանում հայաստանցի միգրանտների գտնվելու պայմանները մեղմացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը։

Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի սեզոնային աշխատանքի նպատակով Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ, որից հետո նրանք պետք է դուրս գան Ռուսաստանի տարածքից։ Սա անմիջականորեն առնչվում է սեզոնային աշխատանքի նպատակով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի Ռուսաստանում գտնվող հայաստանցիներին։

Ռուսական «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ Բաղդասարյանը Պատրուշևին ուղարկած նամակում նշել է.- «Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ուժեղացման ուղղությամբ՝ Ռուսաստանի իշխանությունների գործադրած միջոցներին։ Բայց դրանցում հաշվի չեն առնվում Մոսկվայի և Երևանի ժամանակակից ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարևոր երանգներ, մասնավորապես, այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և արդեն ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ շուտով նաև Մաքսային Միության շրջանակներում»։

Մտահոգություն հայտնելով, որ միգրացիոն օրենսդրության խստացումը կարող է հանգեցնել Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների արտաքսման դեպքերի ավելացմանը, Ազգային անվտանգության քարտուղարը համոզմունք է հայտնել, որ «ռազմավարական գործընկերների, մասնավորապես Հայաստանի հետ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ լիբերալ մոտեցում, ինչպես, օրինակ, դա իր ներսում արել է Եվրամիությունը»։

Արթուր Միսակյանը փոխանցեց, որ մոտ ապագայում Ռուսաստանից պատասխան ակնկալում են.- «Խոսքը շատ լուրջ գործընթացի մասին է։ Դա ռուսական կողմը ըստ էության կքննարկի, որոշակի շփումներ կլինեն հայկական համապատասխան կառույցների հետ, խորհրդատվական որոշակի գործընթացներ կլինեն։ Դա, իհարկե, մեկ-երկու օրվա հարց չէ»,- ասաց նա։

«Իզվեստիա»-ի տեղեկություններով, միգրացիոն խստացված օրենսդրությունը կանդրադառնա Ռուսաստանում գտնվող շուրջ 2 միլիոն հայերի վրա և կարող է լարվածության առիթ դառնալ։

Նոր սահմանափակումները արդեն իսկ լուրջ անհանգստություն են առաջացրել Հայաստանի շարքային քաղաքացիների շրջանում։ Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր տարբեր հարցերով հավաքված քաղաքացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մտահոգված էին, թե ինչ վիճակ կստեղծվի, եթե մարդիկ չկարողանան հեշտությամբ մեկնել Ռուսաստան՝ փող աշխատելու։

«Կեսից շատը Ռուսաստանով են ապրում, եթե Ռուսաստանից օգնությունը չլինի, ո՞վ կարող է այստեղ ապրել»,- ասում մի կին։

«Լավ բան չի, լավ բանի չի հանգեցնի, իհարկե։ Երեք ամսվա մեջ մարդը մենակ պետք է կայանա, աշխատի իր ճանապարհածախսն ու իր ուտելիքի և մնալու տեղի փողը։ Վերջ։ Չգնալն ավելի ձեռնտու է, քան գնալը, բայց չգնան էլ, էստեղ են սոված մնալու։ Դրա համար մարդիկ դիմելու են ամեն քայլի, որ գնան, ոնց էլ լինի Ռուսաստանում մնալու ճանապարհներ կճարեն, աշխարհում նման բան գոյություն չունի, որ ապօրինի ճանապարհ չգտնվի»,- ասաց մի տղամարդ։

Գյուղերում էլ մարդիկ անորոշության մեջ են. Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը փոխանցեց, որ վերջին շրջանում արդեն իսկ տարբեր պատճառներով Ռուսաստանում գտնվող գյուղացիներից 4-5-ը արտաքսվել են Հայաստան, միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքով նրանց թիվը կարող է ավելանալ։ Բացի այդ, եթե մինչ այժմ ամեն սեզոնին մոտ 100-150 հոգի գյուղից մեկնել է արտագնա աշխատանքի, ապա այժմ արդեն գնալն իմաստ չի ունենա։ Իսկ մնալն էլ կարող է սոցիալական լարվածության առիթ դառնալ, կարծում է գյուղապետը։

Վերլուծաբաններն արձանագրում են, որ ստեղծված իրավիճակով Հայաստանի իշխանությունները քաղաքացիներից ոչ պակաս են մտահոգված, բայց նրանց մտահոգության առիթը երկրում դժգոհ զանգվածի ավելացումն է ու Ռուսաստանից եկող գումարների նվազումը։

«Իշխանությունը պարզ է՝ վախենում է, որ լարվածությունը ներսում կմեծանա, պարզ է, որ վերադարձած բոլոր մարդկանց չեն կարող աշխատանքով ապահովել, գումարած դրան տրանսֆերտները կպակասեն։ Մեր բյուջեի 20 տոկոսը ձևավորվում է հենց արտագաղթողների գումարների շնորհիվ, որոնք պահում են իրենց հարազատներին Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ իշխանությունները սրտի խորքում հասկանում են, որ ինչքան մարդ մնա այստեղ, այդքան լարվածությունը կմեծանա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը.- «Մենք Ռուսաստանից ոչինչ չենք ստանում և չենք ստանա, քանի որ մենք մեզ կտրեցինք այլընտրանքից։ Այն երկրի հետ, որն այլընտրանք չունի, հաշվի չեն նստում»։

Միաժամանակ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ Հայաստանին ձեռնտու է Ռուսաստանում վիզային ռեժիմի խստացումը, որովհետև արդեն արտագաղթը համատարած է դարձել, ու գնում են ոչ միայն անապահովները, այլև ապահովվածները։

«Այդ ազատ մուտքը Ռուսաստան ուղղակի հայաթափում է Հայաստանը»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG