Մատչելիության հղումներ

Կանադահայ գործարարը Կուբայում ազատ է արձակվել և վերադարձել Տորոնտո


Տեսարան Կուբայի մայրաքաղաք Հավանայից

Տեսարան Կուբայի մայրաքաղաք Հավանայից

Սարգիս Յաքուբյանը անարդարացի է համարում, որ իրեն հնարավորություն չի տրվել վիճարկելու Կուբայից իր արտաքսման հիմքերը։

Կուբայում կոռուպցիոն մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված կանադահայ գործարար Սարգիս Յաքուբյանը երկուևկես տարվա բանտարկությունից հետո անցած շաբաթավերջին անսպասելիորեն ազատ է արձակվել ու վերադարձել Կանադա: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, որի թղթակցին նա հարցազրույց է տվել Տորոնտոյում իր տանը:

Յաքուբյանը ասել է, որ շատ ուրախ է ու հուզված տուն հասնելու համար: Նա հայտնել է, որ քանի որ Կուբան իրեն արտաքսել է, ուրեմն՝ պատժի մնացած մասը Կանադայում չի կրելու: Այնուամենայնիվ, Յաքուբյանը անարդարացի է համարել, որ Կուբան լքելու համար իրեն ընդամենը 24-ից 48 ժամ են հատկացրել:

«Ես հնարավորություն չեմ ունեցել վիճարկելու ինձ արտաքսելու հիմքերը», - ասել է նա՝ շարունակելով. - «Ընդհանրապես, մեղադրվողներից շատերն են պնդում, որ իրենք անմեղ են: Իմ դեպքում դա ոչ միայն փաստերն են վկայում, այլև պաշտոնապես է ընդունվել: Ես մինչև հիմա ապշած եմ: Նրանք ազատում են ինձ, պահանջում, որ 24-ից 48 ժամվա մեջ լքեմ երկիրը: Ես մինչև հիմա հստակ չգիտեմ, թե դա ինչպես կարող է պատահել: Ես փորձում եմ պարզել՝ ով է դրա հետևում կանգնած, ինչ կազմակերպություններ կամ ընկերություններ էին շահագրգռված ինձ հետ նման կերպ վարվելու մեջ»:

Յաքուբյանը, ով իրեն մեղավոր չի համարում, ասել է, թե ցանկանում է արդարացվել բարձր մակարդակով, հավաստիացնելով, թե ինքն արդեն պաշտոնապես արդարացվել է, սակայն այս պահին չի կարող խոսել, քանի որ այդ մասին հայտարարվելու է գալիք երկու շաբաթվա ընթացքում:

Tri-Star Caribbean Import Company-ի ղեկավար 53-ամյա Յաքուբյանը ծնվել է Լիբանանում: Տեղի համալսարանում սովորել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումը մագիստրատուրայում շարունակել է Կանադայի McGill համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Կուբա, որտեղ ապրել է շուրջ 20 տարի: Տարբեր, բազմաճյուղ ոլորտներում, ձեռնարկություններում նրա գործընկերների թվում եղել են Կուբայի կառավարության անդամներ:

«Ես Կուբայում ստեղծել եմ իր մեծությամբ երրորդ կամ չորրորդ խոշոր ընկերությունը: Սկսել եմ 3 հազար դոլարով, բայց երբ միլիոնավոր դոլարներ եմ ստացել ձեռնարկությունններից, իմ բոլոր գումարները բռնագանձվել են», - պատմել է նա:

Յաքուբյանը Կուբայում ձերբակալվել է 2011 թվականին, սակայն շուրջ երկու տարի՝ մինչև 2013 թվականի ապրիլը նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել: 2013-ի ապրիլին նա մեղադրվել է կաշառակերության, հարկերից խուսափելու, տնտեսությանը վնասներ հասցնելու հոդվածներով:

Նրա ձերբակալությունից երկու ամիս անց իշխանությունները ստուգումներ են սկսել Կուբայում գործող կանադական մեկ այլ՝ Tokmakjian Group ընկերությունում, որը Կուբայում գործող՝ արտաքին գործարքներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկն էր: Ընկերության ղեկավար 73-ամյա Թոքմաքջյանը 2011-ի սեպտեմբերին ձերբակալվել է և մինչև հիմա գտնվում է բանտում:

Կանադայի խորհրդարանի՝ Թոքմաքջյանի ընտրատարածքի պատգամավոր Փիթեր Քենթը Toronto Star թերթին ասել է, թե Յաքուբյանի ազատ արձակվելը սպասելի էր: Միաժամանակ, նա խորը մտահոգություն է հայտնել Թոքմաքջյանի կապակցությամբ, ով արդեն երկու տարի մեկուսարանում է և առողջության հետ կապված խնդիրներ ունի: Նա ասել է, որ Կանադայի կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ դիմել են Կուբայի իշխանություններին՝ խնդրելով Թոքմաքջյանի գործը կա՛մ դատարան ուղարկել, մեղադրանք առաջադրել, կա՛մ ազատ արձակել նրան:

«Սա շարունակում է մնալ մեր դիրքորոշումը», - հավաստիացրել է նա՝ նշելով, որ, այնուհանդերձ, Թոքմաքջյանի գործով նորություններ չկան:

Associated Press-ը հիշեցնում, որ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, թե երկրի հիմնական մարտահրավերներից մեկը տարածված կոռուպցիան արմատախիլ անելն է: Վերջին տարիների ընթացքում կաշառակերության մեղադրանքով կառավարության տասնյակ պաշտոնյաներ ու պետական ձեռնարկությունների ղեկավարներ են բանտարկվել, ավելի քան 150 արտասահմանցի գործարարներ ու արտասահմանյան տասնյակ փոքր ընկերություններ վտարվել են երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG