Մատչելիության հղումներ

«ԽՄԿԿ համագումար` LSD-ի ազդեցության տակ»


Սոչիի ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությունը, 7-ը փետրվարի, 2014թ.

Սոչիի ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությունը, 7-ը փետրվարի, 2014թ.

Այսօր Սոչիի ձմեռային Օլիմպիադայի հինգերորդ օրն է, մինչդեռ արևմտյան լրատվամիջոցները շարունակում են քննարկել խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Որոշ լրագրողների մեկնաբանություններում կա անհարկի հեգնանք։ Բացասական լիցքեր դրսևորող լրատվամիջոցները սպորտը թողած` ռեպորտաժի թեմա են դարձնում հյուրանոցում որևէ անսարքություն, կամ արարողության ժամանակ օլիմպիական լուսային հինգ օղակներից մեկի չբացվելը։

Կան լրատվամիջոցներ, որոնք անընդհատ ընդգծում են, թե Սոչիում անվտանգության դաժան միջոցներ են ձեռնարկված։

Դեղին մամուլի համբավ չունեցող լրատվամիջոցներն ընդունում են, որ բացման արարողությունը շատ տպավորիչ էր, իսկ մանր թերացումները այդ կարգի հսկայածավալ միջոցառումների ընթացքում գրեթե անխուսափելի են և միանգամայն ներելի։ Այդ մամուլը չի կենտրոնանում մանրուքների վրա և վերլուծում է բացման շոուի քաղաքական ենթատեքստը։

Առավել խիստ է արտահայտվել Frankfurter Allgemeine Zeitung-ը. - «Մարզադաշտի վերևում սավառնում էին մոնումենտալ արձանը և երկնաքերեր, թվում էր, թե LSD-ի [հալյուցինացիա առաջացնող թմրամիջոց] ազդեցության տակ դիտում ես ԽՍՀՄ-ի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը»։

«Դա բնորոշ է Պուտինի աճող խանդավառությանը մուրճի և մանգաղի ներքո հզորացած համաշխարհային գերտերության նկատմամբ»,- գրել է գերմանական թերթը և ավելացրել. - «Մուրճն ու մանգաղը լողում էին ստալինյան երկնաքերերի արանքում և հիշեցնում այդ խորհրդանշանների հետ կապված գաղափարախոսության մասին, հանուն որի միլիոնավոր մարդկանց են սպանել»։

Բրիտանական թերթերը Սոչիի խաղերի բացումը համեմատում են Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիադայի բացման հետ։

«Զգացվում էր Դենի Բոյլի բեմադրած բացման կայտառ արարողության ազդեցությունը, Սոչիի բացումը խայտաբղետ էր, տեղ-տեղ՝ անհասկանալի, սակայն ոչ ավելի անհասկանալի, քան «Ձոն ազգային առողջապահության» հատվածը Լոնդոնում», - Daily Telegraph-ը։

Independent-ն էլ նկատել է, որ «Սոչիի բացումը ճամփորդություն էր Ռուսաստանի պատմության էջերով, շատ տպավորիչ էր, շունչդ կտրվում էր, սակայն չէր հերիքում հումորը և ուրախությունը, որը հատուկ էր Լոնդոնի շոուին»։

Guardian-ը գովեստով նշել է, որ Սոչիի բացմանը հատուկ չէին ազգայնական տրամադրություններ։

«Դա Ռուսաստանի պատմությունը երազանքով դիտելու ցանկություն էր», - նշել է Daily Telegraph-ը։

New York Times-ը ոչ միայն Լոնդոնի, այլև Պեկինի Օլիմպիադայի բացման հետ է զուգահեռներ անցկացնում։ «2012-ին Լոնդոնում բրիտանացիները գովերգել են իրենց ավանդույթները և դա արել իրենց հատուկ ինքնաքննադատական հումորով, 2008-ին Պեկինում չինացիները հայտարարել են նոր գերտերության ծննդյան մասին, իսկ Սոչիում ռուսները բարձրացրել են իրենք իրենց հայտնագործելու, վերագտնելու կենացը», - գրել է ամերիկյան թերթը։

Spiegel հանդեսն էլ գրել է, թե «քննադատությունը բոլոր սահմաններն է անցել»։ «Աշխարհը ծամծմում ու մատի փաթաթան է դարձնում Օլիմպիադայից ստացվող «վախենալու» լուրերը։ Ռուսաստանն արժանի չէ այն չարախնդությանը, որով Արևմուտքն արձագանքում է ցանկացած լուրին Սոչիում վատ աշխատող մի դռան բռնակի կամ կոտրված նստարանի մասին», - ընդգծում է գերմանական պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG