Մատչելիության հղումներ

Ռազմավարական նշանակության ապրանքների սպառումը կրճատվել է


Ռազմավարական նշանակության ապրանքների սպառումը Հայաստանում կրճատվել է:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին 2012-ի համեմատ կրճատվել են հացի, ձվի, հավի մսի, շաքարավազի, կարագի, էլեկտրաէներգիայի, բենզինի և այլ կարևոր կամ ռազմավարական նշանակության ապրանքների սպառման ծավալները:

Մասնավորապես, հացի սպառումը կրճատվել մոտ 3700 տոննա յով, ձվի սպառումը նվազել է ավելի քան 22 միլիոն հատով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը անկում է ավելի քան 326 հազար կվտ/ժ-ով կամ մոտ 4 տոկոսով:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն այս ամենին ավելացնում է առևտրի կրճատումը: ԱՎԾ-ի տվյալների համաձայն, 2013-ի դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, հայաստանցիները ավելի քիչ առևտուր են արել, քան 2012-ի դեկտեմբերին:

Ըստ Գևորգյանի, նախաամանորյա գնումները կարևոր ցուցիչ են, որովհետև պատկերացում են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում տնտեսությունը:

ԱՎԾ-ի տվյալները 2012 թվականի համար

ԱՎԾ-ի տվյալները 2012 թվականի համար

«Երբ ոչ իշխանական տնտեսագետները, մասնագետները ասում են, որ տնտեսության վիճակը լավ չէ, նկատի ունեն հենց դա։ Օրինակ, ես կառանձնացնեի մանրածախ առևտրի ծավալները, որոնք 2013 թվականի դեկտեմբերին 2012 թվականի դեկտեմբերի նկատմամբ նվազել են։ Նման բան չի եղել նույնիսկ 2009 թվականին՝ ճգնաժամի ժամանակ»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Գևորգյանի ներկայացմամբ, նշված ապրանքների սպառման կրճատումը պետք չէ բացատրել միայն սոցիալ-տնտեսական վատ վիճակով.- «Դա կամ արտագաղթի ազդեցությունն է, կամ բնակչության գնողունակության նվազումը, կամ երկուսը միասին»։

Հիշեցնենք, Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակեց արտագաղթի ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2013-ին Հայաստանը լքել են ավել քան 42 հազար ՀՀ քաղաքացիներ:

«Օրինակ, հացի սպառման նվազումը դժվար թե կարելի լիներ բացատրել զուտ գնողունակության նվազմամբ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ հարուստ լինեք, միևնույն է օրը մեկ հացից ավելի չեք ուտելու, ինչքան էլ աղքատանաք, միևնույն է պիտի ձգտեք օրական գոնե մի հաց ուտել։ Ու եթե նվազում է հացի սպառումը, դա նշանակում է, որ իրոք գործ ունենք արտագաղթի, բնակչության թվի նվազման հետ»,- ասաց Գևորգյանը։

ԱՎԾ-ի տվյալները 2013 թվականի համար

ԱՎԾ-ի տվյալները 2013 թվականի համար

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը նույնպես համարում է, որ պատճառը արտագաղթն է:

«Միջոցառումների ծրագիր իրականացվում է, որ արտագաղթը կանխվի, դա փաստ է։ Բայց նաև փաստ է, որ անցած տարվա ընթացքում մենք ունեցել ենք որոշակի ծավալով արտագաղթ, և դա հիմնականում պայմանավորված է դրանով, որովհետև չեմ կարող պատկերացնել, որ մասսայական կարող են առանց հոսանքի կամ առանց հացի յոլա գնալ»,- ասաց պատգամավորը։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ նման կարգի ապրանքների սպառման կրճատումը, որոնց ներմուծմամբ կամ արտադրությամբ Հայաստանում զբաղվում են հիմնականում օլիգարխները, արդեն իսկ հանգեցրել է մի իրավիճակի, երբ տուժում են հենց օլիգարխների բիզնեսները։

«Աշխատանքի բերումով ինձ բախտ վիճակվել է խոսել և խոշոր, և միջին գործարարների հետ, որոնք մասնավոր զրույցներում 2010 թվականից սկսած ասում էին, որ նույնիսկ իրենց մոտ խնդիրներ կան իրենց ապրանքների և ծառայությունների սպառման առումով։ Իրենց մոտ էլ լուրջ մտավախություններ կան, որ վիճակը գնալով կվատանա, բայց այստեղ խնդիրն այն է, որ իրենք կլինեն վերջինը տուժողների շարքում։ Առաջինը կսկսվի ամենախոցելի խմբերից, հետո կանցնի միջին խավին, հետո՝ իրենց»,- ասաց Գևորգյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG