Մատչելիության հղումներ

Երևանի տրանսպորտի մի շարք երթուղիների փետրվարի 14-ի մրցույթը չի կայանա


Երևանի ներքաղաքային ավտոբուսներ

Երևանի ներքաղաքային ավտոբուսներ

Երևանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով: Այդ մասին այսօր զեկուցվել է քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է խիստ հսկողություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով պայմանագրերով սահմանված մեքենաքանակների ապահովմանը: Ըստ այդմ՝ որոշ կազմակերպություններ ստացել են խիստ նախազգուշացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու պայմանագրային պարտավորությունները թերի կատարողների նկատմամբ ձեռնարկել օրենքով սահմանված խիստ քայլեր՝ ընդհուպ՝ պայմանագրի լուծում:

Մայրաքաղաքում ավտոկայանումների համար որոշ անձանց կողմից ապօրինի գումարների գանձման դեպքերի հետ կապված՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագիծը և նախապատրաստական աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև սեղմ ժամկետում ներկայացնել 2014 թվականին մայրաքաղաքում շախմատի հինգ նոր դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG