Մատչելիության հղումներ

logo-print

Լոռիում նույնպես բողոքում են ընդդեմ պարտադիր կուտակայինի


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցը Վանաձորում:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցը Վանաձորում:

Այսօր Ալավերդիում ու Վանաձորում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

Ալավերդում անցկացված բողոքի երթի մասնակիցները դժգոհում են, որ գործատուները պահումներ անում են, թեև, բողոքավորների համոզմամբ` կարող են չանել:

«Խնդիրն այն է, որ գործատուն չի կարևորում իր աշխատողին, իր աշխատողի շահը: Նրա համար ավելի կարևոր է պետությանը հաճոյանալու խնդիրը, քան իր աշխատողը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալավերդու «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից մեկը:

Բողոքի երթ է տեղի ունեցել նաև Վանաձորում: Այստեղ ցուցարարներին էին միացել նաև Երևանից ժամանած «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:

Այստեղ բողոքողների մեջ քիչ չէին նաև թոշակառուները, ովքեր «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ պայքարում են իրենց զավակների ապագայի համար:

«Ես թոշառու եմ, բայց դեմ եմ: Չեմ պատկերացնում, թե ինչպես են մտածում մարդիկ խաբել մի ամբողջ ժողովրդի», - ասաց տարեց մի տղամարդ:

Վանաձորի բնակիչ, բանկի աշխատակից Սարգիս Առաքելյանի աշխատավարձից պահում է արվել կուտակային կենսաթոշակի համար, մինչդեռ ինքը դեմ է օրենքին և վստահ չէ, որ այդ գումարը նպատակին կծառայի. - «Իրենք ընդունեցին այս օրենքը որպես պարտադիր` չունենալով ոչ մի հիմք»:

Առաքելյանի համոզմամբ` գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանում նման օրենքն անընդունելի է. - «Անընդունելի է առաջին հերթին տնտեսագիտական տեսանկյունից, քանի որ պետությունը պետք է կիրառեր հակառակ մակրոտնտեսական քաղաքականությունը… մի բան էլ եկամտահարկը կամ սոցվճարները կրճատելով, որպեսզի գործատուն շահագրգռված լինի ավելի շատ աշխատողներ ներառելու: Բայց մեր կառավարությունը, ինչպես միշտ, կայացրեց անտրամաբանական որոշում»:

Վանաձոնցիներն ասում են, որ պայքարում են հանուն արդարության. - «Դեմ չենք իշխանությանը: Ուղղակի պետք է ստիպենք յուրաքանչյուր համակարգին աշխատել ճիշտ, պատշաճ կերպով անել իր գործը, ոչ թե թալանել այս երկիրը», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

«Դեմ եմ» նախաձեռնության Վանաձորի անդամները հաջողված են համարում այս ակցիան` նշելով, որ ցույցերը շարունակական են լինելու. - «Մինչև ամսի 28-ը ակցիաներ լինելու են, միջոցառումներ լինելու են: Մենք անպայման կհայտարարենք: Այսօրվա մասնակիցների թիվը ի նկատի ունենալով` կմշակվեն հետագա գործողությունները»:

Նախաձեռնության Երևանից ժամանած անդամներից Տիգրան Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը իրազեկելն ու մարդկանց համախմբելն է` հավելելով, որ մինչև մարտի 28-ը իրազեկման և բողոքի երթեր կլինեն նաև այլ մարզերում:
XS
SM
MD
LG