Մատչելիության հղումներ

«Փակ շուկայի» ղեկավարությունը հերքում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի «Փակ շուկան» շուտով դառնալու է «Պրոսպեկտ մոլ»:

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է «Պրոսպեկտ մոլ» էջ, որտեղ նշվում է, որ «Փակ շուկայի շենքում»` Մաշտոցի 5 հասցեում շատ շուտով իր աշխատանքները սկսող մոլում ներկայացված կլինեն մի շարք բրենդային խանութներ, որոնցում կվաճառվեն հագուստ, կոշիկ, մանկական պարագաներ։ Կբացվեն նաև ռեստորաններ, որտեղ ներկայացված կլինեն մի քանի երկրների խոհանոցներ: Ընդ որում, «Պրոսպեկտ մոլ» ֆեյսբուքյան էջում «Փակ շուկա» անվանումը կա, այն ներկայացվում է «Պրոսպեկտ մոլ» անվանման հարևանությամբ՝ փակագծերում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Փակ շուկայի» տնօրենի վստահված անձ Մարատ Ապեյանը ասաց, որ «Պրոսպեկտ մոլից» տեղյակ չէ, իսկ «Փակ շուկան» աշխատելու է նախկինի պես։ Ինչ վերաբերում է հագուստի խանութներին, ապա նրա խոսքով առաջիկայում մի քանի խանութներ կբացվեն շուկայի երկրորդ հարկում, բայց անվանումը չի փոխվի։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու է Ֆեյսբուքում գովազդվում «Փակ շուկան» որպես «Պրոսպեկտ մոլ», Ապեյանը բացատրեց, որ Ֆեյսբուքում ամեն գրածի պետք չէ հավատալ։

Փորձելով պարզել, թե ի վերջո որտե՞ղ է բացվելու «Պրոսպեկտ մոլը»` որպես հաճախորդ զանգահարեցինք Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով։

Հեռախոսին պատասխանեցին` ներկայանալով այսպես. - «Փակ շուկա»:

Մեր հարցին` սա «Պրոսպեկտ մոլից» չէ՞, մեզ պատասխանեցին` «այո, Փակ շուկայից»:

Փաստորեն «Պրոպեկտ մոլը» «Փակ շուկա՞ն» է` մեր այս հարցին էլ հաստատող պատասխան տվեցին, խոստացան, որ ֆեյսբուքյան էջում գովազդվող հագուստի խանութներն էլ շուտով կբացվեն:

Հիշեցնենք` «Փակ շուկան» պատկանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով բազմիցս խոստանում էր, որ շուկան գործելու է որպես շուկա, մինչդեռ մի քանի ամիս առաջ վերաբացվելուց հետո պարզ դարձավ, որ այն լինելու է սուպերմարկետ։

«Փակ շուկան» նախկին տեսքով վերականգնելու համար արդեն մի քանի ամիս բողոքի ցույցեր անցկացնող «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներից Գարեգին Չուքասզյանի խոսքով, «Փակ շուկայում» սուպերմարկետ բացել արդեն իսկ անօրինական էր, ուստի այն «Պրոսպեկտ մոլ» դարձնելու փորձի մեջ էլ զարմանալի ոչինչ չկա:

«Այնտեղ ինչ արվում է` ապօրինի է արվում», - ընդգծեց Չուքասզյանը, - «Շենքը որոշակի ճարտարապետական հորինվածք ունի, որը ենթադրում է որոշակի գործուներություն: Այսինքն, պիտի ճարտարապետական ձևը համապատասխանի ներսի բովանդակությանը: Եթե մարդիկ, այսպես ասած, անճաշակ են, չեն հասկանում այդ բաները, ի՞նչ կարող ես անել»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով նույնպես «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունից է, կարծում է, որ այսպիսով այն մարդիկ, ովքեր շուկայի դիմաց կանգնելով պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանին և պնդում, որ շուկայի աշխատակիցներ են, իսկ բարեգործ պատգամավորը փրկում է շուկան, հիմա պարզապես խաբված են։

«Միայն փչացնում են, ինչպես փչացնում են քաղաքը, մեր կյանքը, մեր երկիրը: Դա միայն նշանակում է, որ մենք դա պետք է ապամոնտաժենք», - մեկնաբանեց Խզմալյանը:

Ի դեպ, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում նահանջել։ Շուտով նրանք շուկայի սեփականատիրոջ դեմ նոր դատական հայց են ներկայացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG