Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ արտասահմանում արդեն նկարահանվել է 2 ֆիլմ


Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի փոխանցմամբ՝ Հայոց Ցեղասպանությունը 100-ամյակին ընդառաջ արտասահմանում օտարերկրյա կինոգործիչների կողմից ֆիլմեր են նկարահանվում:

«Այսօր արտերկրում անվանի ռեժիսորներ՝ ոչ հայազգի, նախաձեռնել են ֆիլների նկարահանում: Նույնիսկ երկուսը արդեն ավարտված է», - լրագրողներին այսօր ասաց Պողոսյանը:

Նախարարությունը, նրա խոսքով, միջոցներ է տրամադրել 3 փաստավավերագրական ֆիլմ նկարահանելու համար, իսկ Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովը առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կքննարկի որոշակի կինոնախագծեր:

Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախարարությունն ամեն տարի միջոցներ է տրամադրում մշակույթի որևէ օջախի հիմնանորոգման կամ վերանորոգման համար: Առաջիկա երկու տարիներին կվերանորոգվեն թատրոններ, թանգարաններ: Նրա փոխանցմամբ՝ այս տարի նոր երաժշտական գործիքներ կստանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, շենք կկառուցվի Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնի համար:

«Մշակույթի ոլորտում հրատապ կարգավորման 3 խնդիրներ կան 2014 թվականին», - նշեց նախարարը՝ թվարկելով․ - «Առաջին հերթին խոսքը վերաբերում է օրենսդրական դաշտին՝ մասնավորապես հուշարձանների ոլորտում և թանգարանային գործում: Երկրորդ հատվածը վերաբերում է կադրերին, որովհետև այսօր մշակույթի ոլորտի կադրերի ոչ այնքան պատրաստման, որքան վերապատրաստման գործընթացները շատ հրատապ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Եվ երրորդը, անշուշտ, Ցեղասպանության տարելիցի նախապատրաստման աշխատանքն է»:

Պողոսյանը հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շենքը գրավադրվել է: Շեշտելով, որ ինքն այդ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է՝ նախարարը հայտարարեց․ - «Ես այդպիսի տեղեկություն չունեմ»:

Խոսելով «Հին Երևան» նախագծի իրականացման մասին՝ Մշակույթի նախարարը համոզմունք հայտնեց, որ այդ իրականացվելու է՝ եթե, իհարկե, ներդրողներ հայտնվեն․ - «Այսօր կառուցապատումը կանգնեցված է, առաջ չի գնում հենց այդ պատճառով, որ չեն կարողանում համաձայնվեն, «Հին Երևանի» ամբողջական վերականգնման մասով հետաքրքրվող շահագրգիռ անձանց գտնել»:

Նշելով, որ Աբովյան փողոցում երեք շենք վերականգնվել է՝ Հասմիկ Պողոսյանն ասաց․ - «Մենք անցանք մի դժվար անցումային շրջան, որից հետո, այնուամենայնիվ, դրական գործընթացնել էլ կան»:
XS
SM
MD
LG