Մատչելիության հղումներ

Ճանապարհային քարտեզը՝ հիմք «միասնական տնտեսական համակարգի և արժույթի համար»


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիսում, 2-ը դեկտեմբերի, 2013

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համատեղ մամուլի ասուլիսում, 2-ը դեկտեմբերի, 2013

Հայաստանի կողմից իրականացվող Մաքսային միության «Ճանապարհային քարտեզը» չի վերաբերվում միայն մաքսային ինտեգրման հարցերին, այլև հիմք է նախապատրաստում միասնական տնտեսական համակարգի, իսկ հեռանկարում նաև՝ միասնական արժույթի համար: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնած տնտեսագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Ճանապարհային քարտեզի» համաձայն Հայաստանը պետք է միանա նաև երկու պայմանագրերի՝ «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության մասին» և «Արժութային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին»:

«Ճանապարհային քարտեզի» 255-րդ կետում, որը ներառված է «Մակրոտնտեսական քաղաքականության ոլորտ» բաժնում, կարդում ենք՝ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության 2013-2014 թվականների հիմնական ուղենիշների Հայաստանի Հանրապետության կողմից իրականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում»:

«Շատ ժամանակ մաքսային միությունները սահմանափակում են սակագնային քաղաքականությամբ և ստանդարտներով։ Մակրոտնտեսական սինխրոնիզացիան կամ հարմոնիզացիան այդ երկրների միջև, ես կարծում եմ, ավելի լուրջ քայլ է ինտեգրման ճանապարհին, որը Մաքսային միության ծավալներից դուրս է շատ ժամանակ։ Ես կարծում եմ, սա ինտեգրման փուլի մյուս քայլն է, որը հիմա նախապատրաստվում է»,- կարծում է տնտեսագետ, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Սամսոն Ավետյանը։

«Հայաստանի հանրությունը ուշադրություն կենտրոնում է պահում Մաքսային միության հարցը, որը ենթադրում է մաքսային համակարգերի միասնականացում, սակայն իրականում ի սկզբանե էլ խոսք է գնում միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին»,- փոխանցեց տնտեսագետ Սամվել Ավագյանը:

Ըստ փորձագետի, այժմ պարզ է դառնում, որ Հայաստանը գնում է դեպի միասնական տնտեսական տարածքի ձևավորման, որը «ենթադրում է մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացում, արժութային քաղաքականության կոորդինացում, հակամրցակցային քաղաքականության կոորդինացում»:

Ինչ վերաբերում է հաջորդ պայմանագրին՝ «Արժութային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին», ապա մեր զրուցակիցների ներկայացմամբ, այն նույնպես դուրս է զուտ Մաքսային միության շրջանակից:

Այդ պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում կարդում ենք՝ «Ազգային և միջազգային մակարդակում կողմերը ստեղծում են կազմակերպչական-իրավական անհրաժեշտ պայմանները՝ արժութային ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, արժութային քաղաքականության կոորդինացիայի և համաձայնեցման համար»:

Բացի այդ, նշված պայմանագրով նախատեսվում է «ձևավորել [պայմանագրին մաս կազմող] պետությունների ինտեգրված արժութային շուկա»:

Սամվել Ավագյանի ներկայացմամբ, Հայաստանի կողմից իրականացվող «Ճանապարհային քարտեզում», իհարկե, նշված չէ, որ նպատակ կա ի վերջո ստեղծել միասնական արժույթ.- «Բայց, ըստ այս քարտեզի տրամաբանության և կատարվող քայլերի հաջորդականության, չի բացառվում, որ այդ ուղղությամբ քայլեր արվեն, երբ վերջնականապես կձևավորվի Մաքսային միությունը»,- ասաց տնտեսագետը։

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ հիմք է դրվում Մաքսային միությունում միասնական արժույթի ստեղծման համար, Սամսոն Ավետյանը պատասխանեց՝ նման ենթադրությունների համար հիմքեր կան։

Այսօր «Ազատությանը» չհաջողվեց այս հարցերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ էկոնոմիկայի նախարարությունից:
XS
SM
MD
LG