Մատչելիության հղումներ

Ընդդեմ պարտադիր կուտակայինի ակցիաներ կլինեն Վանաձորում և Ալավերդիում


Պարտադիր կուտակային դեմ երեկվա բողոքի ակցիան Երևանում
Պարտադիր կուտակային դեմ երեկվա բողոքի ակցիան Երևանում

«Ձնագնդի էֆեկտ ստանալու բոլոր հակումներն ունի գործընթացը», - ասում է վանաձորցի ակտիվիստը:

Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքներում մարդիկ պատրաստվում են շաբաթ օրը բողոքի երթ կազմակերպել ընդդեմ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի:

Մինչ այդ, Ալավերդիում երկու անգամ տեղեկատվական երթ է տեղի ունեցել՝ մարդկանց իրազեկել են կուտակային համակարգի առավելությունների և թերությունների մասին:

Ալավերդու «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնող խմբի անդամ Մարիաննա Պեպանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ փետրվարի 8-ին Ալավերդիում քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ չեն լինի, պարզապես մարդիկ բողոքի ձայն են բարձրացնելու՝ այսպիսով տեղյակ պահելով իշխանություններին և գործատուներին, որ իրենք դժգոհ են կուտակային կենսաթոշակների մասին օրենքից:

«Ալավերդիում դժգոհությունն արտահայտող մի երթ է լինելու, մի ակցիա է լինելու, որին կփորձեն մասնակցել թե՛ աշխատողները, թե՛ գործազուրկները, թե՛ տարեց մարդիկ, բոլոր նրանք, ովքեր դժգոհ են և ովքեր պատրաստ են պայքարել», - ասաց Պեպանյանը:

Վանաձորում ևս վաղը բողոքի երթ է նախատեսվածւ: Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամ Հովհաննես Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մինչև Սահմանադրական դատարանի՝ տվյալ հարցով որոշում ընդունելը քաղաքում լինելու են տարբեր ակցիաներ, իրենք չեն սահմանափակվելու միայն երթով ու հավաքով:

«Նպատակը մեկն է՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը ցույց տալ Սահմանադրական դատարանին, որ մենք մտադիր չենք մեր իրավունքները խախտող որոշման դեպքում հաշվի նստել այդ որոշման հետ ու լռել: Գտնում ենք, որ Սահմանադրությանը հակասում է օրենքի պարտադիր կիրառումը, և պայքարելու ենք մինչև վերջ», - ասաց նա:

Ղազարյանի խոսքերով՝ «արդեն դանակը ոսկորին է հասել», մարզերում մարդիկ տեսնում են, որ այլևս հնարավոր չէ այսպես, և դուրս են գալիս պայքարի: Նա համոզված է, որ Լոռու մարզի պայքարին կհաջորդեն ընդվզումներ երկրի մյուս մարզերում:

«Այնպես չէ, որ մյուս մարզերը, մյուս համայնքները ավելի լավ օրի են, քան Վանաձորը կամ Ալավերդին: Ճիշտ է, Լոռու մարզը ինքը բոլոր մարզերի մեջ առանձնահատուկ, առաջին հորիզոնականներում է և՛ աղքատության ցուցանիշներով, և՛ արտագաղթի ցուցանիշներով, բայց, ամեն դեպքում, այնպես չէ, որ մյուս մարզերում վիճակը լավ է», - ասաց Հովհաննես Ղազարյանը:

«Կարծում եմ, որ ձնագնդի էֆեկտ ստանալու բոլոր հակումներն ունի գործընթացը, իսկ գաղտնիք չէ, որ ձնագնդի էֆեկտը եթե եղավ՝ հաղթանակը ապահովված է», - ամփոփեց վանաձորցի ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG