Մատչելիության հղումներ

Օլիմպիական հրադադար Բաքվի և Երևանի միջև


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Սա համանախագահների տարածաշրջան վերջին այցի թերևս միակ առարկայական արդյունքն է:

Երևանն ու Բաքուն խոստանում են չխախտել հրադադարի ռեժիմը վաղը Սոչիում մեկնարկող ձմեռային Օլիմպիադայի ողջ ընթացքում: Նման յուրատեսակ օլիմպիական հրադադարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի թերևս միակ առարկայական արդյունքն է:

Այս մասին, չխախտելով ավանդույթը, կրկին Twitter-ում իր էջի միջոցով մի քանի ժամ առաջ տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ գրելով․ - «Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու պարտավորությունը` մասնավորաբար Օլիմպիական խաղերի ընթացքում»:

Այս գրառումից մի քանի ժամ առաջ էլ ամերիկացի դիվանագետը Twitter-ի իր բաժանորդներին տեղեկացրել էր բանակցային գործընթացում արձանագրված ոչ այնքան լավ լուրերի մասին: Նրա թվիթերյան գրառումից, մասնավորաբար, պարզ էր դառնում, որ միջնորդներին չի հաջողվել հասնել այս այցի գլխավոր նպատակներից մեկին` պայմանավորվել Սարգսյան - Ալիև հերթական հանդիպումը կազմակերպելու մասին:

«Գագաթնաժողովի ժամկետը դեռ հստակեցված չէ, սակայն Հայաստանի նախագահը ընդգծում է խաղաղության հասնելու նպատակով ընթացող երկխոսությունը շարունակելու կարևորությունը: Բանակցությունները Երևանում հաջողված էին», - նշում է ամերիկացի միջնորդը:

Երեկ Երևանում լրագրողների հետ զրույցում բարձր մակարդակում երկկողմ բանակցությունների շուրջ ստեղծված անորոշության մասին խոսել էր նաև Մինսկի խմբի ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը՝ ասելով, մասնավորապես, թե «նախագահների հաջորդ հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է»:

Բաքու և Երևան կատարած այցերի արդյունքները համանախագահները ամփոփել են այսօր հրապարակած հայտարարությամբ, որում ևս հայտնում են, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել Օլիմպիադայի օրերին ուժեղացնել հրադադարի պահպանումը: Միջնորդները փոխանցում են, որ առաջիկա շաբաթներին կշարունակեն խորհրդակցությունները կողմերի հետ՝ նախապատրաստելու բարձր մակարդակի հանդիպումներ:

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այս այցն ամփոփելով հարկ է նկատել, որ շփման գծում հունվարի 20-ից նկատվող լարվածությունը զգալիորեն փոխեց միջնորդների բանակցությունների ողջ օրակարգը: Այս մասին դեռ Բաքվում գտնվելիս ակնարկել էր Ջեյմս Ուորլիքը` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

«Նոյեմբերի 19-ի [Վիեննայի] հանդիպումից հետո մենք քաջալերվել էինք: Դա մի ժամանակահատված էր, երբ երկու կողմերն էլ պահպանում էին հրադադարի ռեժիմը: Միջադեպերի քանակը կտրուկ նվազել էր, և մենք դա որպես հուսադրող նշան ընկալեցինք: Վերջին շաբաթների իրադարձությունները, սակայն, գալիս են ապացուցելու, թե որքան փխրուն է հրադադարը», - ասել էր ամերիկացի դիվանագետը:

«Միջադեպերը չեն նպաստում բանակցությունների առաջընթացին: Մեր նպատակն է համոզվել, որ երկու կողմերում էլ փոխադարձ վստահություն կա, որ ընդհանուր մթնոլորտը նպաստում է առաջընթացին, և որ կողմերը պատրաստ են պահպանել հրադադարի ռեժիմը», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել էր Ուորլիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG