Մատչելիության հղումներ

Եվրադատարանում լսվել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը


Հայաստանի ներկայացուցիչները Եվրադատարանում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ, լուսանկարը՝ դատախազության
Հայաստանի ներկայացուցիչները Եվրադատարանում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումների ժամանակ, լուսանկարը՝ դատախազության

Հայցվորները պահանջում են հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում երեկ կայացել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։

Հայաստանի դատախազության փոխանցմամբ՝ գործով հայցվորը նշում է, որ ստիպված է եղել լքել իր տունը 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ - ադրբեջանական հակամարտության պատճառով։ Եվրադատարանի դիմումատուն եղել է 1929 թվականին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009 թվականին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և Վահե Գրիգորյանը։

Ներկայացնելով գործը՝ Ֆիլիպ Լինչը ասել է, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև հնարավորություն չեն ունեցել վերադառնալ։

Ինչպես նշել է Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ, և այս պարագայում պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես Եվրադատարանի նախադեպային՝ «Իլասկուն ընդդեմ Մոլդովայի» գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը Եվրադատարանում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է՝ սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Սարգսյանների կողմը, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է՝ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝ կրոնի ազատություն, բողոքում է Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից և ոչնչացումից։

Սարգսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստանում գտնվող՝ հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝ գերեզմաններն ավերվել և վանդալիզմի են ենթարկվել։

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի, խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ, և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու, ինչպես նաև հայկական գերեզմանները ոչնչացնելու համար։

Հայցվորները պահանջում են հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

Եվրադատարանում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անդրադարձել է կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Ինչպես նշել է Կոստանյանը, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում, և պատասխանող կողմն այս առումով որևէ հակափաստարկ չի ներկայացրել։

Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկել է այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

Եվրադատարանում գործով պատասխանող կողմ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ - ադրբեջանական շփման գծում, և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար, և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։

Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան բերվել է 2006 թվականի օգոստոսի 11-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG