Մատչելիության հղումներ

Հայաստանը «կարող է անհրաժեշտության դեպքում հակահարձակվողական միջոցառումներ իրականացնել»


Հայաստանը «կարող է անհրաժեշտության դեպքում հակահարձակվողական միջոցառումներ իրականացնել»
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00
Թեև Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամ է, ու մշտապես մասնակցել է ռազմավարժանքներին և ռազմական բաղադրիչի կատարելագործման աշխատանքներին, ՀԱՊԿ անդամ պետություններ այդպես էլ չարձագանքեցին հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած կրակոցներին, ադրբեջանցիների կողմից դիվերսիոն խմբի գործողություններին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր դժվարացավ ասել, թե պատերազմական վիճակում կազմակերպության անդամները նման պահին ինչ դերակատարություն կստանձնեն․ - «Մասնակցությունը ներառված լինելը, մանավանդ միջինասիական պետությունների, կերևա ընթացքում»:

Հիշեցնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը 2010 թվականին ստորագրել են ռազմավարական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր՝ նախարարը ասաց, որ Հայաստան - Ռուսաստան ռազմավարական դաշինքը՝ կնքված երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև նույն 2010 թվականին, մեկ աստիճանով բարձրացրեց Հայաստանի անվտանգության ապահովումը, հատկապես Թուրքիայից սպասվելիք սպառնալիքի առումով։

«Մենք Ադրբեջանի հետ մեր այսօրվա առկա ուժերով ոչ միայն կարող ենք պաշտպանություն իրականացնել, այլև անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ՝ հակահարձակվողական և այլն», - նշեց Օհանյանը։

Նախարարի խոսքով՝ Թուրքիայի մասնակցությունը Ադրբեջանում տարբեր միջոցառումներին, ինչպես նաև հրահանգիչների և փոքր ստորաբաժանումների առկայությունը Նախիջևանին սահմանակից տարածքներում վկայում է, որ Թուրքիան պատրաստ է ըստ ամենայնի աջակցել Ադրբեջանին։

«Եթե ոչ անմիջական, ապա միջնորդական ձևով և տարբեր մանր խնդիրների և նաև քաղաքական դաշտում, հրահանգչական դաշտում աջակցության միջոցով նա կփորձի մասնակից լինել և աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը։ 102-րդ բազայի առկայությունը, բացի դրանից նաև ժամանակակից և համատեղելի սպառազինության և ռազմական տեխնիկայի, հատկապես հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը հնարավորություն է տալու, որպեսզի մենք նաև ռազմավարական զսպման մեխանիզմ ձևավորենք հակառակորդին զսպելու և խաղաղություն պարտադրելու ուղությամբ», - եզրափակեց Պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG