Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ-ում


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն: Նա նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով:

Այնուհետև նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի խորհրդակցությունների սրահում նախագահը ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որին ուղիղ կապով միացմամբ մասնակցել են նաև նախարարության մարզային կառույցների ղեկավարները:

Խորհրդակցության ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նախարարի տեղակալները, փրկարար ծառայության տնօրենը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին:

Զեկույցները լսելուց հետո Սերժ Սարգսյանը առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:

Ապա նախագահը, մասնավորապես, հայտարարել է․ - «Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի և՛ նախարարության, նրա ծառայությունների նյութական բազան ամրապնդվի, և՛, իհարկե, առաջին հերթին բարելավվի սոցիալական վիճակը, լուծվեն սոցիալական խնդիրները: Այս առումով, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները շատ բանով չեն տարբերվելու ո՛չ պաշտպանության նախարարության և ո՛չ էլ այլ կառույցների զինծառայողների սոցիալական ապահովման մակարդակից: Մենք հուլիսի 1-ից որոշակի ուղղումներ ենք մտցնելու, և այն ժամանակ բոլորը հստակ տեսնելու են, թե ինչպիսի հարաբերակցություն կա այդ կառույցների աշխատողների միջև»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ավարտին նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG