Մատչելիության հղումներ

Ոստիկանության գնդապետը կասկածվում է պետական դավաճանության մեջ


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 31-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևանի բնակիչ 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը:

«Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խաչիկ Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013 թվականի օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները», - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

«Խաչիկ Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խաչիկ Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ-ի մարմինների կողմից», - փոխանցում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Պետական դավաճանությունը») 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Մեղավոր ճանաչվելու դեպքում ոստիկանության գնդապետին սպառնում է 10-ից մինչև 15 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG