Մատչելիության հղումներ

ԿԲ-ի աջակցությամբ ՎԶԵԲ-ը թողարկել է դրամով պարտատոմսեր


Դրամի արձանը Հայաստանի կենտրոնական բանկի շենքի մոտ
Դրամի արձանը Հայաստանի կենտրոնական բանկի շենքի մոտ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հունվարի 31-ին իրականացրել է 2 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում: Ընդ որում, ինչպես այսօր փոխանցում է Հայաստանի կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն իրականացրեց իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով:

Ըստ նույն աղբյուրի՝ թողարկումը հնարավոր է դարձել ԿԲ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ աշխատանքների շնորհիվ:

«Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարևորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից: Ներդրողները, այդ թվում և կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում և ապահովել կայուն եկամուտ: Բացի այդ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է և կարող է հանդիսանալ կարևոր իրացվելիության կառավարման միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար», - ասված է հաղորդագրությունում:

«Մյուս կողմից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից հավաքագրված դրամով միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորմանը: Սա նաև կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու և շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, և նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար», - նշված է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG