Մատչելիության հղումներ

logo-print

Հաշվապահները դեռ չեն կողմնորոշվել պարտադիր կուտակային պահումների հարցում


Բողոքի ակցիա` կենսաթոշակային հակասական բարեփոխումների դեմ, Երևան, 18-ը հունվարի, 2014թ.

Բողոքի ակցիա` կենսաթոշակային հակասական բարեփոխումների դեմ, Երևան, 18-ը հունվարի, 2014թ.

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հունվար ամսվա աշխատավարձը ստացել են ամբողջությամբ, առանց պարտադիր կենսաթոշակային պահումների:

Գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը, նշեց, որ գրասենյակը ոչ մի օրենք չի խախտել և վարչական պատասխանատվության ենթարկվելու որևէ խնդիր չունի:

«Այսինքն անձը, եթե ցանկանում է կատարել այդ վճարումները, այսինքն գործատուն այս դեպքում, նա դա կարող է անել, եթե չի ցանկանում, նա դա կարող է և չանել, և դրա համար որևէ բացասական հետևանք վրա չի հասնելու մինչև մարտի 28-ը: Ուստի այս մասով պետք է արձանագրել այն, որ Սահմանադրական դատարանը թողել է գործատուների հայեցողությանը, որոշ մասով, այս իրավահարաբերությունների կարգավորումը: Այսինքն գործատու-աշխատող պետք է գան այնպիսի մի համաձայնության, որի արդյունքում կամ կկատարվի վճարումը, կամ չի կատարվի», - պարզաբանեց է Վարդևանյանը:

Ե՛վ ընդդիմադիր գործիչները, և՛ ՄԻՊ-ի գրասնեյակը պնդում են, որ եթե մարտին 28-ի դատաքննության ավարտից հետո օրենքը հակասահմանադրական ճանաչվի, խնդիր կունենան այն գործատուները, ովքեր պահումներ-փոախնցումներ արել են, քանի որ գումարների վերադարձման մեխանիզմները չկան: Ավելին, եթե անգամ օրենքը ճանաչվի սահմանադրությանը համապատասխան, այն հետադարձ ուժ չի կարող ունենալ, քանի որ ՍԴ որոշումը իրավական ակտ է:

«Այս պահին այդ նորմը չի գործում, այն կասեցվել է, ուստի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, չի կարող հետադարձ ուժ ստանալ նախորդ ամիսների համար: Բոլոր նման դեպքերում, կարող եմ ասել, որ դա ինքնին կառաջացնի սահմանադրականության խնդիր և մարդու իրավունքների խախտման խնդիր», - նշեց Օմբուդսմենի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետը:

Երեկ Ազգային ժողովի ավելի քան 50 աշխատակիցներ էին պահանջ ներկայացրել աշխատավարձից պահումներ չկատարելու մասին: Այսօր էլ ԵՊՀ-ի դասախոսներից ոմանք Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ են թողել այն մասին, որ հունվարի աշխատվարձը ստացել են ամբողջությմաբ: Այդուհանդերձ, ահազանգերը շարունակվում են և պետական հիմնարկներում, մասնավորապես կրթական հաստատություններում, բուժհիմնարկներում աշխատողները շարունակում են պնդել, որ իրենց ստիպում են ֆոնդեր ընտրել, չընտրելու դեպքում էլ զգուշացնում են, որ հունվարի աշխատավարձից պահելու են: Շատ ընկերություններում հաշվապահները դեռ չեն կողմնորշվել ինչպես վարվել՝ պահե՞լ, թե՞ չպահել պարտադիր կուտակային կեսաթոշակի համար նախառեսված գումարները, փոխանցե՞լ, թե՞ չփոխանցել այդ գումարները կամուրջ համակարգերին:

Թեպետ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումը` օրենքը մեկ հոդվածով և մեկ կետով կասեցնելու վերաբերյալ, տարակարծության տեղիք է տվել, այս կառույցից հրաժարվում են հարցազրույց տալ: «Ազատություն» ռադիոկայանը քիչ առաջ ընդամենը գրություն ստացավ այն մասին, որ դատարանի անդամները և աշխատակիցները պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որևէ տեղեկություն հայտնելուց:

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ - «Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»:

Իր հերթին` Ֆինանսների նախարարությունը, այսօր հրապարակած հայտարարության մեջ, ասում է. - «Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման և վճարման պարտականությունները, ինչպես նաև շարունակել ընտրել ֆոնդ և կառավարիչ»:

Մարդու իրվանքուների պաշտպանի դիրքորոշումը կիսում են օրենքին ընդիմացողները: Ավելի վաղ մեզ հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս, հղում անելով ՍԴ որոշմանը՝ պնդում էր, որ պահում-փոխանցում պետք չէ անել: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ ստեղծված քաոսային իրավիճակում մարդիկ, ովքեր ճնշումներ են զգում իրենց վրա թե՛ գործատուի, թե՛ ՊԵԿ-ի կողմից, հիմք ունեն դիմել դատարաններ:

«Մենք հիմա նաև քննարկում ենք այդ հարցը, ստեղծում ենք իրավաբանների խումբ, որոնք զբաղվելու են այդ հարցով և պատրաստելու են դիմումներ, բողոքներ, ընդհուպ մի քանի տասնյակ հազարի հասնող, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեի այս ոչ իրավաչափ վարքագիծը, ինչպես նաև առանձին պետական մարմինների, իբրև գործատուներ, կարգադրություններն ու հանձնարարությունները վիճարկվեն դատական կարգով: Եթե իրենք ուզում են աժիոտաժ` կստանան այդ աժիոտաժը», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
XS
SM
MD
LG