Մատչելիության հղումներ

Թոշակների ուշացումը աղքատ ընտանիքների համար խնդիրներ է ստեղծել


Երեք երեխաների մայր Աիդա Դոխոյանը արդեն մեկ շաբաթից ավելի ամեն օր սպասում է ընտանեկան այսպես կոչված` աղքատության նպաստին:

«Յուրաքանչյուր ամսվա 24-25-ին էինք ստանում», - ասում է:

Դոխոյանի խոսքերով, ստացվելիք այդ 26 հազար դրամը իր բազմաթիվ սոցիալական խնդիրները լուծել չի կարող, բայց առնվազն օրվա հացի հարցը օդից կախված չի մնա:

«Այնքան լավ պայմաններում չենք, որ նպաստն էլ ուշանա», - ասում է Դոխոյանը, - «Կողք ու բոլորը պարտք եմ, չգիտեմ որտեղից եմ տալու»:

Նպաստի ուշացման պատճառով գրեթե սովի է մատնված նաև Սվետա Գալստյանի ընտանիքը: Վեց երեխաների մայրն ասում է, որ խանութներն արդեն հրաժարվում են պարտքով սնունդ տալ իրենց:

«Հաշմանդամ երեխա է: Երեկ նրբերշիկ էր ուզում` գումար չունեի, որ իջնեի մի տուփ նրբերշիկ առնեի: Ասացի` տվեք, թոշակ ստանամ` տամ: Չենք կարող տալ… այդքան պարտք ունես, բեր պարտքդ փակի», - պատմում է նա:

Պարզաբանելով այս խնդիրը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նպաստների չափի և վճարման կարգի մասին Կառավարությունը որոշումը հաստատել է ընդամենը մի քանի օր առաջ` հունվարի 30-ին, իսկ նոր հաշվարկները կյանքի կոչելու գործընթացը ժամանակատար է: Նախարարությունից նաև ասացին, թե այս խնդիրը պարբերաբար ծագում է, ավելին` եղել են տարիներ, երբ հունվարի նպաստը վճարվել է փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Այս անգամ նախարարությունը խոստանում է, որ նպաստները կսկսեն վճարել այս շաբաթվա ընթացքում:

Նախարարությունից, սակայն, այդպես էլ չպարզաբանեցին, թե ինչո՞ւ այդ ժամանակատար գործընթացն ավելի վաղ չեն սկսում, որպեսզի ուշացումներ չլինեն:

Հավելենք, որ այսօրվա դրությամբ շուրջ 103 հազար ընտանիք ընտանեկան և սոցիալակն նպաստներ է ստանում: Սա Հանրապետության բնակչության մոտ 13 տոկոսն է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG