Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Հայաստանը կկորցնի ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու իրավունքը»


Հովհաննես Իգիթյան
Հովհաննես Իգիթյան
Կյանքի կոչելով Մաքսային միության «ճանապարհային քարտեզը» և դառնալով այդ միության անդամ, Հայաստանը զրկվում է այլ պետությունների հետ ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու իրավունքից ու հնարավորությունից:

«Ազատության» հետ զրույցում նման գնահատական տվեց Բրյուսելում գործող Եվրոպական գործարար ընկերակցության (European Business Association) փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանը հիշեցրեց, որ Մաքսային միությունում վերջնական որոշումը կայացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որի որոշումները պարտադիր են միության անդամ պետությունների համար:

«Մաքսային միության անդամ դառնալուց հետո Հայաստանի իշխանությունների փոխարեն այդ հանձնաժողովը կորոշի մեր մաքսատուրքերի չափը, հետևաբար՝ թե ինչ տնտեսական քաղաքականություն է լինելու Հայաստանում», - փոխանցեց փորձագետը:

Համաձայնելով դիտարկմանը, որ Հայաստանը չի կարողանա տնտեսական պայմանագրեր ստորագրել այլ երկրների հետ մինչև Մաքսային միության գործադիր կոմիտեն հավանություն չտա տնտեսական պայմանագրերին` Իգիթյանը հավելեց. - «Ես նույնիսկ կասեի, որ Հայաստանին որևէ երկիր լուրջ չի ընդունի, որովհետև արդեն բոլորը գիտեն, որ Հայաստանը զրկված է այդ հնարավորությունից: Նրանք [այդ երկրները] ուղղակի հաշվի կառնեն այն մաքսատուրքերը, որոնք նշանակված են այդ հանձնաժողովի կողմից և Հայաստանի հետ կվարեն այդ մաքսատուրքերից բխող քաղաքականություն»:

Հովհաննես Իգիթյանի համոզմամբ, աշխարհում Հայաստանը կդադարի ընկալվել որպես ինքնուրույն տնտեսական սուբյեկտ նաև այն պատճառով, որ ձգտելով կարճ ժամանակահատվածում դառնալ Մաքսային միության անդամ՝ մեր երկիրը պետք է հաշված ամիսների ընթացքում հրաժարվի այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ ձեռք բերված այն պայմանավորվածություններից, որոնք հակասում են Մաքսային միության պահանջներին:

«Այս ամենը կհանգեցի նրան, որ միջազգային մի շարք կարևոր ֆինանսատնտեսական կառույցներ ու երկրներ կփոխեն իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ», - եզրափակեց Իգիթյանը:

«Բայց Մաքսային միությունը բացառաություն չէ», - հակադարձեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Գագիկ Մինասյանը (ՀՀԿ):

«Ազատության» հետ զրույցում Մինասյանը շարունակեց, թե «աշխարհում գործող այլ մաքսային միություններում նույնպես նման իրավիճակ է»․ - «Օրինակ, Եվրամիությունում, հյուսիսամերիկյան՝ NAFTA միությունում: Այդ բոլոր միություններում անդամ պետությունները այլևս չեն որոշում խաղի կանոնները, նրանց փոխարեն այդ գործն անում են կենտորոնական մարմինները»:

Գագիկ Մինասյանին հիշեցրեցինք իշխանությունների քննադատների այն համոզմունքը, որ Մաքսային միությունում, որը բաղկացած է ոչ ժողովրդավարական երկրներից, որոշումները չեն ընդունվում ժողովրդավար եղանակով, ինչպես արվում է Եվրոպական Միությունում: Դրա անուղղակի վկայություններից է այն, որ Մաքսային միության Միասնական մաքսային օրենսգիրքը հիմնված է միայն Ռուսաստանի մաքսային օրենսգրքի վրա:

«Իհարկե, այդպես չէ», - առարկեց Մինասյանը: - «Որովհետև որոշումների կայացման կառույցում բոլոր Մաքսային միության անդամ պետությունները ներկայացված են հավասար քանակով ներկայացուցիչներով: Եվ այս առումով ձայների այն քանակը, որ ունի, ասենք, Ռուսաստանը կունենա այն քանակը, որն ունի Հայաստանը: Եվ այդտեղ, ըստ էության, գնալու են քննարկումներ, միմյանց նկատմամբ ճնշումների քաղաքականություն չի լինելու, լինելու ընդհանուր շահի գիտակցման քաղաքականություն»:
XS
SM
MD
LG