Մատչելիության հղումներ

logo-print

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել


Այսօր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հունվարի 21-ի երեկոյան գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել էր որպես կասկածյալ և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեղադրանքը նախկին քաղաքապետի որդուն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 252-րդ հոդված առաջին մասի հատկանիշներով՝ «խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»: Օրենքը այս հանցագործության համար նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, կամ մեկամսյա կալանք:

Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնացել է անփոփոխ:

Սպարտակ Ղուկասյանը, ըստ մամուլի հրապարակումների, ընկերների հետ միասին մեքենաներով, որոշ տեղեկություններով՝ նաև զինված, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել: Բալասանյանի պնդմամբ՝ միջադեպի ժամանակ տանը ոչ ոք չի եղել․ - «Եթե դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ին մոտավորապես, իսկ ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում (Բալասայանը, հիշեցնենք, վերադառնում էր Միացյալ Նահանգներից), բնականաբար, ես չէի կարող ականատես լինել: Իսկ իմ ընտանիքում այդ պահին որևէ մեկը չկար»:

Քաղաքապետը հրաժարվել էր որևէ գնահատական տալ կատարվածին․ ֊ «Պետք է տան համապատասխան իրավապահ մարմինները»:

Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե Սպարտակ Ղուկասյանը կապ չունի միջադեպի հետ:

Միջադեպից երկու օր անց պաշտոնանկ արվեց Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Պաշտոնանկությունը շատերը կապեցին հենց կատարվածի հետ, սակայն Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքեց դա՝ ասելով․ - «Ես չեմ կարծում, թե պարոն Վարդան Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան այն անձինք, որի համար ես ոստիկանապետ փոխեմ»:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին տեղի ունեցածը Բալասանյանների տան մոտ տեղի ունեցած արդեն երկրորդ նման միջադեպն էր: Առաջինի ժամանակ ևս շրջանառվեց Սպարտակ Ղուկասյանի անունը, սակայն նախաքննություն չեղավ ու քրեական գործ էլ չհարուցվեց:
XS
SM
MD
LG