Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչը վերադարձել է աշխատանքի


Ընդդիմադիր ակտիվիստը դաշնամուր է նվագում ցույցերի կենտրոն Անկախության հրապարակում, Կիև, 3 փետրվարի, 2014թ.
Ընդդիմադիր ակտիվիստը դաշնամուր է նվագում ցույցերի կենտրոն Անկախության հրապարակում, Կիև, 3 փետրվարի, 2014թ.

Իսկ ընդդիմությունը շարունակում է պահանջել նախագահի հրաժարականը։

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով հունվարի 30-ին հայտնել է վատառողջ լինելու մասին, այսօր վերադարձել է նստավայր։

Ուկրաինայի ընդդիմությունը չի թաքցնում, որ չի վստահում Յանուկովիչի կարճատև հիվանդության մասին նախագահական նստավայրի հաղորդագրությանը։ Ըստ ընդդիմադիրների՝ առավել հավանական է, որ նախագահը՝ հայտարարած հարբուխի պատրվակով, ժամանակ է շահել և իր մերձավոր շրջապատի հետ քննարկել է երկրում արտակարգ դրություն մտցնելու հավանականությունը։

Անցած տարվա նոյեմբերից ի վեր Կիևում ամեն օր բողոքի ակցիաներ են։ Երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում վերստին տեղի են ունեցել նախագահի հրաժարականի պահանջով հզոր հանրահավաքներ։

Երեկ նաև իշխանությունները թույլատրել են հունվարի 22-ին անհայտ անձանց կողմից առևանգված, դաժան կտտանքների ենթարկված և մեկ շաբաթ անց ազատ արձակված ընդդիմադիր ակտիվիստ Դմիտրո Բուլատովին բուժում ստանալու համար մեկնել Վիլնյուս։

Ի դեպ, ոստիկանները ցանկանում էին նրան հարցաքննել ապօրինի ցույցեր կազմակերպելու և զանգվածային անկարգություններ հրահրելու գործի շրջանակներում, բայց դատախազությունը կարգադրել է Բուլատովին տալ Լիտվայի մայրաքաղաք մեկնելու հնարավորություն։

Անցած շաբաթ օրը Մայդանում մոտ 50 հազար ցուցարար էր հավաքվել։ Ընդդիմության լիդերներից «ՈԻԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ցույցից հետո ասել է, որ միայն Յանուկովիչի հրաժարականի և արտահերթ ընտրությունների միջոցով է հնարավոր ելք գտնել այս վիճակից։

«Մեր առաջարկն է` վերադառնալ 2004 թվականի սահմանադրությանը, տարանջատել նախագահի, խորհրդարանի և կառավարության լիազորությունները, կազմել նոր կառավարություն և ամենակարևորը` անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ», - ասել է Կլիչկոն։

Ե՛վ նախկին բռնցքամարտիկը, և՛ նրա զինակից` ընդդիմության մեկ ուրիշ լիդեր Արսենի Յացենյուկը մասնակցել են Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ բանակցել են Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Յացենյուկի խոսքերով՝ իրենք Արևմուտքին բացատրել են, որ երկիրն ունի ֆինանսական իրական աջակցության կարիք։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշթոնը երեկ ասել է, որ միությունը և Միացյալ Նահանգներն այժմ կազմում են Ուկրաինային օգնելու ծրագիր։

Ընդդիմության պահանջներն են՝ առանց նախապայմանների հայտարարել ներում, վերականգնել 2004 թվականի սահմանադրությունն ու այդպիսով, ինչպես այսօր Գերագույն ռադայում Յացենյուկն է ասել`«վերջ տալ նախագահի դիկտատորական լիազորություններին»։

Շարքային ընդդիմադիր ակտիվիստները համաձայն են իրենց լիդերների հետ։

«Դժվար է ասել, թե ինչ կառավարություն կլինի հաջորդը, սակայն պարզ է, որ նրանք սրանից հետո որևէ քայլ անելուց առաջ` նախ լավ կմտածեն, նրանք չեն մոռանա Մայդանը», - ասել է Յուրա անունով քաղաքացին։

Երեկ Յացենյուկն ասել է, որ ամբողջ աշխարհը սատարում է Ուկրաինային։

«Բավ է, մեզ խոսքեր պետք չեն, ուկրաինացիներին պետք են հստակ գործեր, և մենք ստացել ենք հստակ խոստումներ», - արևմտյան գործիչների հետ Մյունխենում բանակցելուց հետո ասել է Յացենյուկը։

Ի դեպ, Մյունխենում ելույթ է ունեցել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, ով ասել է, թե Ուկրաինային հարկավոր է տրամադրել Եվրոպական միության հեռանկար։ Նրա խոսքերով՝ չի կարելի Արևելյան գործընկերության երկրներին ասել, թե «ստորագրեք Ասոցացման համաձայնագիրը, բայց իմացեք, որ չկա Եվրոպական միությանն անդամակցելու երաշխիք»։

Այս կարծիքն են Մյունխենում հայտնել նաև Եվրոպական միության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG