Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի կարծում, թե Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներն արտացոլում են արտագաղթի իրական պատկերը։

Ազգային վիճակագրական ծառայութունը (ԱՎԾ), հիշեցնենք, օրերս հրապարակեց արտագաղթի ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2013թ. ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմել է 1 452 085 մարդ, մեկնածներինը՝ 1 494 086։ Բացասական սալդոն կազմել է 42 001 մարդ, ինչը 7 659-ով պակաս է 2012թ. նույն ցուցանիշից՝ -49 660 մարդ, ինչը նշանակում է, որ 2012-ի համեմատ արտագաղթի տեմպերը նվազել են 27 տոկոսով։

Արտագաղթի տեմպերի նվազման մասին խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ։

Բագրատյանը արտագաղթի տեմպերի նվազումը կապում է Հայաստանում մնացած մարդկանց թվի հետ։

«Բնակչության թիվը, որից արտագաղթում են, այդ թիվը պակասում է, պակաս թվից են գնում։ Գնալով եթե հանրապետությունում մարդ չմնա, օրինակ, մի տասը տարի հետո, ես ձեզ հավատացնում եմ՝ արտագաղթի տեմպերը կիջնեն մինչեւ 10-15 հազար», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին վարչապետը։

2014-ի հունվարից Ռուսաստանում ուժի մեջ մտան օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու և այնտեղ մնալու օրենսդրական փոփոխությունները։ Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի, օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի, քան 90 օր, որից հետո պետք է լքեն երկիրը: Եվ վերադառնալու իրավունք կստանան միայն 3 ամիս հետո:

Բագրատյանը նշում է, որ այս փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուն նախորդած ամիսներին Ռուսաստանից վերադարձողների թիվը մեծացավ, ուստի նախկին վարչապետը նաև սրա հետ է կապում արտագաղթի տեմպերի նվազման ցուցանիշը։

«Հանգիստ եղեք, այսինքն հանգիստ եղեքը չակերտավոր եմ ասում, Մաքսային Միություն մտնելուց հետո այդ օրենքը շրջանցելու կամ այդ օրենքի իրավական ձևակերպման փոփոխություն տեղի կունենա և արդյունքում արտագաղթի տեմպը նորից կավելանա», - ասաց նա։

ԱՎԾ-ի տվյալներով, օդային տրասպորտով ուղևորափոխադրումները կրճատվել են 0,3 տոկոսով։ Նախկին վարչապետն ասում է , որ սա խոսում է մարդկանց հանրապետությունից հիմնավոր մեկնելու մասին․ - «Գնացած 42 հազարն ավելի հիմնավոր են։ Նայում ենք օդային հաղորդակցությունը, ապա այնտեղ մենք բացասական մնացորդ չունենք, բայց երբ նայում ենք մեքենաները, երկաթգիծը, կամ ավտոբուսները այդտեղ բացասական մնացորդ ունենք: Ինչո՞ւ: Նախ մարդիկ փող չունեն օդով արտագաղթելու և երկրորդ՝ օգտագործելով այսպես ասած գետնային ճանապարհները մարդիկ իրենց հետ տանում են մեծ չափով իրեր, տներն են վաճառում, մարդիկ նույնիսկ իրենց շներին ու կատուներին են տանում»:

Բագրատյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ամեն օր «վատ իմաստով արտառոց» օրենքներ են ընդունում, որոնք լավատեսություն չեն ներշնչում, ուստի. - «Ելքը պետք է լինի իշխանափոխությունը, հնարավոր չէ էվոլուցիոն ձևով համոզել որևիցե մեկին՝ եկեք լավ բաներ անենք։ Համենայն դեպս պարզ է, որ 6 տարում, այս կառավարության օրոք հանրապետությունը լքել է ավելի քան 300 հազար մարդ»:
XS
SM
MD
LG