Մատչելիության հղումներ

logo-print

«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը չի փոխվի


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան հավաստիացրեց, ու կուսակցության ղեկավարը չի փոխվի:

«Ոչ, դա ընդմիշտ է», - ասաց նա:

Հասարակական հետաքրքրություն առաջացնող հարցերին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ արձագանքից շատերը ենթադրել էին, որ նա կարող է վերադառնալ քաղաքականություն՝ իր հենարան «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով:

Գագիկ Ծառուկյանն այդ հարցին էլ պատասխանեց․ - «Բոլորը պետք է «Բարգավաճ Հայաստան»-ին պաշտպանեն»: Նա, սակայն, չհստակեցրեց, թե արդյոք նկատի ունի նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ազգային ժողովի նիստերին հազվադեպ մասնակցող Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց՝ իր ղեկավարած կուսակցության առաջիկա համագումարն անհետաքրքիր չդարձնելու համար:

Խորհրդարանի` այսօր մեկնարկած նստաշրջանի առաջին նիստում նախորդ տարեվերջի ընդդիմության հնարքը բացառելու համար իշխող Հանրապետականը Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովում ավելացրեց իշխանական պատգամավորների թիվը՝ զրկելով ընդդիմությանը հանձնաժողովի աշխատանքների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից:

Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս անդամները, հիշեցնենք, անցած դեկտեմբերին նիստ հրավիրեցին և անվավեր ճանաչեցին դեկտեմբերի 23-ին կայացած գազային համաձայնագրերի քվեարկությունը` փաստարկելով, որ հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ այդ օրը ձայների հաշվարկին ներկա էին հանձնաժողովի յոթ անդամներից միայն երեքը:

Իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր առաջարկեց հանձնաժողովի անդամների թիվը հասցնել 11-ի` 5 տեղ ՀՀԿ-ին, մեկական` «Օրինաց երկրին» և չորս ոչ իշխանական ուժերին:

Ոչ իշխանական ուժերն առաջարկն անընդունելի համարեցին:

«Մեծամասնությունը, քանի որ չի կարողանում աշխատել հավասար պայմաններում, բնականաբար, պետք է ճնշող մեծամասնություն ունենա ցանկացած տեղ, որ հնարավոր լինի աշխատել», - նշեց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):

«Այդ ո՞նց էր, որ նախորդ տարիներին նախորդ տարբերակը բավարարում էր, բայց հենց մեծամասնությունը խնդիր ունեցավ, պարզվեց, որ ոչ, պիտի ունենալ բացարձակ քվորում` ընդհանրապես պրոբլեմ չունենալու համար», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):

Իշխող ուժի ներկայացուցիչ Մանվել Բադեյանն ակամա հաստատեց ընդդիմադիրների կասկածները․ այն է՝ որ Հանրապետականը փոփոխությունն առաջարկել է բացարձակ վերահսկողություն սահմանելու համար․ - «127 հոգի կարող են մտածել և քվեարկել մի ձևի, իսկ չորս հոգին հրաժարվեն հաշվել և ստացվի, որ ոչ լեգիտիմ է Ազգային ժողովը: Այս փակուղուց մենք պետք է դուրս գանք»:

Վարդան Օսկանյանը («Բարգավաճ Հայաստան») արձագանքեց․ - «Եթե խափանվել է, ուրեմն այդ օրը հաշվիչ հանձնաժողովի ներկայացված զեկույցը չի կարող իրավական հիմք ունենալ: Դրանից հետևում է, որ գազի պայմանագիրը փաստորեն այդ օրը չի վավերացվել խորհրդարանի կողմից»:

Ոչ իշխանական չորս խմբակցությունները հայտարարեցին, որ այդ հանձնաժողովում անդամներ չեն ունենա: Այդ քայլը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որակեց խորհրդարանի բնականոն աշխատանքը խաթարել:

«Դուք բոլորդ դեմ եք, որ բնականոն գործունեություն ապահովի Ազգային ժողովը, դուք բոլորդ ուզում եք խաթարեք Ազգային ժողովի աշխատանքները: Ունենալով փոքրամասնություն` ուզում եք խաթարել և մեր մեծամասնությանը ճնշեք: Դա ձեզ չի հաջողելու», - հայտարարեց Աբրահամյանը:

Հանձնաժողովի կազմն ընդլայնելու առաջարկը քվեարկության ընդունվեց:

Այսօրվա նիստում անարձագանք մնացին ընդդիմադիրների բազմաթիվ հայտարարություն-պահանջները: Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ), օրինակ, հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ-ում չի քննակվել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մասնավորեցման որոշումը՝ ասելով․ - «Արդյո՞ք դուք չեք կարծում, որ նման կեցվածքը ոչ միայն Սահմանադրության, ոչնչացում է, Ազգայի ժողովի հեղինակազրկում․․․»:

«Մասնավոր հարցերը, խմբակցությունների տեսակետները չկապել Ազգային ժողովի դերակատարության կամ իմիջի կամ արժանապատվության հետ», - արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) հետաքրքրվեց, թե ինչու է շարունակում գործել այն կառավարությունը, որը չի ապահովել երկրի ու իշխող կուսակցության նախագահի հանձնարարականը՝ 7 տոկոս տնտեսական աճը․ - «Մի՞թե այն պատճառով, որ հանրության, Հայաստանի Հանրապետության առաջ ստանձնած ձեր և ձեր կուսակցության, ձեր ղեկավարության ստանձնած պարտավորություններին լուրջ պետք չէ վերաբերվել»:

«Անջատել խոսափողը», - հրահանգեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Իսկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց․ - «Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»:
XS
SM
MD
LG