Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ակցիաներ է նախատեսում փետրվարի 18-ին և մարտի 1-ին


Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում, 20-ը փետրվարի, 2014թ․

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Ազատության հրապարակում, 20-ը փետրվարի, 2014թ․

Նախագահական ընտրություններից մեկ տարի անց Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով կդիմի ժողովրդին, ՀԱԿ-ը 2008-ի դեպքերի հերթական տարելիցի կապակցությամբ հանրահավաք կանցկացնի:

Նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց՝ փետրվարի 18-ին, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է ուղերձով հանդես գալ՝ դիմելով ժողովրդին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, օրվա ընտրությունը հատուկ է արվել: «Մեկ տարի առաջ հենց այս օրը մենք միասին ազգովի հաղթեցինք, ըստ էության, ընտրությունների ժամանակ, ժողովուրդը վերցրեց իշխանությունը, չկարողացավ, ցավոք սրտի, ամրագրել այն, քանի որ բռնազավթվեց իշխանությունը գործող իշխանությունների կողմից», - ասաց Խուրշուդյանը:

«Ժառանգություն»-ը արդեն իրազեկել է Երևանի քաղաքապետարանին, որ փետրվարի 18-ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, սակայն, ինչպես տեղեկացրեց կուսակցության խոսնակը, այս որոշումը դեռ վերջնական չէ․ - «Դեռ չի հայտարարվել, որ հենց հանրահավաք է լինելու: Այն, որ միջոցառում է լինելու, և Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով դիմելու է հանրությանը, մենք ասել ենք, բայց թե ինչ ձևաչափով դա կլինի՝ հանրահավաքի, թե դահլիճային հանդիպման տեսքով, դեռ որոշված չէ: Համենայն դեպս, այո, մենք վերցրել ենք Ազատության հրապարակը այդ օրվա համար, որ եթե որոշվի հանրահավաք՝ ուշ չլինի արդեն դիմելու համար»:

2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով շուրջ 540 հազար ձայն կամ ընտրողների մոտ 37 տոկոսի վստահությունը ստացած թեկնածուն վերջին անգամ հանրահավաք էր հրավիրել անցած տարվա սեպտեմբերին՝ չբացառելով, որ կոշտացնելու է պայքարի միջոցները:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանից հաստատեցին, որ ի գիտություն են ընդունել նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրազեկումը՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա նաև Երևանի կենտրոնում երթ անցկացնելու վերաբերյալ:

Կոնգրեսում, սակայն, վաղաժամ են համարում տեղեկացնել՝ սպասվո՞ւմ է արդյոք հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

Հիշեցնենք՝ վերջին անգամ Կոնգրեսը հանրահավաք էր հրավիրել անցած տարի գարնանը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ:
XS
SM
MD
LG