Մատչելիության հղումներ

Պատգամավորը հուսով է՝ նոր միջնորդությունը կհստակեցնի պարտադիրի շուրջ ստեղծված քաոսը


Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային վճարների, արխիվ

Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային վճարների, արխիվ

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նոր միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան, թեև դեռ ոչ մի նորություն չի ստացել այս կառույցից, այդուհանդերձ, հույն ունի որ այս անգամ ներկայացված դիմումը բավարարելու դեպքում հստակեցում կմտնի պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի հետ կապված խնդիրներում:

Իսկ խնդիրներ առաջացան հունվարի 24-ի ՍԴ-ի որոշումից հետո, երբ ընդամենը կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մեկ հոդվածն ու մեկ կետը, թեպետ նախորդ միջնորդության մեջ միայն այդ հոդվածների կասեցմանը պահանջ չէր դրված: Ու արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ այսօր շատ ընկերություններում չեն հասկանում ինչպես վարել հաշվապահությունը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ բազմաթիվ բողոքներ են ստացել ճնշումների մասին. աշխատողները բողոքում են, որ գործատուներն են ճնշում ֆոնդեր ընտրել, գործատուներն էլ բողոքում են, թե Պետական եկամուտների կոմիտեն է ստիպում պարտադիր կուտակային վճարումները կատարել:

Հասարակության մեջ ստեղծած անվստահությունը պարզաբանելու համար էլ պատգամավորը հերթական անգամ դիմել է ՍԴ՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

«Դրանք նախատեսում են հենց այն պարտավորությունները, որոնք դրված են գործատուների վրա մի կողմից, մյուս կողմից իրավասություններ են սահմանված ՊԵԿ-ի համար, որ գործատուներից պետք է ստանա համապատասխան հաշվետվություններ և վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասաց Մինասյանը։

ՍԴ-ից փոխանցեցին, որ այս հարցով աշխատանքային նիստ դեռ տեղի չունեցել: Ժամկետների մասին նույնպես ոչինչ չասեցին: Իսկ մինչ ՍԴ-ն կարտահայտի իր դիրքորոշումը դիրքորոշմանը, մինչև փետրվարը 20-ը հաշվապահները պետք է ՊԵԿ-ին հաշվետվություն ներկայացնեն:

Ու հիմա էլ վեճ է ծավալվում հաշվապահների շրջանում․մի մասը պնդում է, որ եթե պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներն ու վճարումները չանի, ապա ՊԵԿ-ը դա կորակի սխալ հաշվետվություն և վարչական պատասխանատվության կենթարկի ընկերությանը, մյուս մասն էլ պնդում են, որ հաշվապահության մեջ կան հնարավորություններ այս ամենից խուսափելու համար: Մինչ հաշվապահները չեն կարողանում ի վերջո հասկանալ, թե իրենցից ում փաստարկներն են ավելի իրական ու վստահելի, ՊԵԿ-ը լռում է և ոչ մի պարզաբանում չի տալիս այս հարցին: Փորձեցինք որպես հաշվապահ կոմիտեի թեժ գծի միջոցով որոշ հարցերի պատասխան ստանալ։ Աշխատակցի խոսքով՝ հաշվետվության մեջ, անկախ հաշվապահի կամքից, ինքնաշխատ կերպով արտացոլվելու պարտադիր կուտակային վճարը։

Զանգահարեցինք նաև «Գործք» ընկերություն, որն աջակցում է գործատու-աշխատող փոխշահավետ հարաբերություններին՝ հասկանալու, թե ընկերությունը ինչ տարբերակ է առաջարկում ստեղծած իրավիճակում: Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ թեպետ շատերն են դեմ աշխատավարձից պահումներ կատարելուն, այդուհանդերձ, կառավարության դիրքորոշումն այս դեպքում այլ է:

«Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ պետք է պահումները կատարվեն և փոխանցվեն կամուրջ հաշվին։ Կամուրջ հաշիվն էլ մեխանիկորեն կընտրի որևէ կառավարիչ։ Բայց մինչև ՍԴ-ի որոշումը, նույնիսկ եթե հիմա փոխանցենք, կգնա կամուրջ հաշվին ու կախված կմնա։ Եթե հանկարծ որոշվի, որ օրենքը հակասահմանադրական է, գումարները ետ կվերադարձվեն կազմակերպություններին։ Դա կփոխհատուցվի, թե ուղիղ ձևով ետ կվերադարձվի, չեմ կարող ասել»,- սաաց Սարգսյանը։

Օրենքին ընդդիմացող Արծվիկ Մինասյանը, այդուհանդերձ, պնդում է, որ պետք չէ փոխանցել կամուրջ համակարգին: Ըստ նրա՝ եթե հաշվետվության ձևում պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներն արվում են ավտոմատ կերպով, նշանակում է, որ սա ոչ թե գործատուի ընտրությունն է, այլ ՊԵԿ-ի: Եվ գործատուն չի կարող դրա համար պատասխնատվություն կրել:

«Այնպես որ ես խորհուրդ կտամ գործատուներին և հաշվապահներին որևէ նման մտահոգություն չունենալ, անգամ եթե ավտոմատ համակարգը հաշվարկում է ինչ-որ X գումար, բայց գործատուն չի կատարոմ այդ փոխանցումը կամուրջ հաշվին և չի տեղեկացնում փոխանցման մասին հարկային մարմիններին, ապա որևէ պատասխանատվություն նա չի կրելու։ Ավելին՝ ես կարող եմ ասել, որ այն գործատուները, ովքեր ելնելով շառից, փորձանքից սկզբունքով փորձելու են իրենց աշխատակիցների վճարումները կամ կուտակել, պահել, կամ փոխանցել, նրանք կարող են հայտնվել շատ ավելի վատ վիճակի մեջ, որովհետև մարտի 28-ին սկսվող դատաքննությունը կարող է այնպիսի արդյունք ցույց տալ, որ իրենք իրենց աշխատակիցներին ստիպված լինեն մի քանի անգամ ավելի բարձր եկամուտներ վճարել՝ արդյունքում կրելով լուրջ ֆինանսական կորուստներ»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը կարծում է, որ ստեղծված քաոսային իրավիճակում մարդիկ, ովքեր ճնշումներ են զգում իրենց վրա թե գործատուի, թե ՊԵԿ-ի կողմից հիմք ունեն դիմել դատարաններ:

«Մենք ստեղծում ենք իրավաբանների խումբ, որոնք զբաղվելու են այդ հարցով և պատրաստելու են ընդհուպ մի քանի տասնյակ հազարի հասնող դիմում-բողոքներ, որպեսզի ՊԵԿ-ի այս ոչ իրավաչափ վարքագիծը, ինչպես նաև առանձին պետական մարմինների՝ իբրև գործատուների, կարգադրություններն ու հանձնարարությունները վիճարկեն դատական կարգով։ Եթե ուզում են աժիոտաժ, կստանան այդ աժիոտաժը»,- ասաց Մինասյանը։
XS
SM
MD
LG