Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանն շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ արդեն նորացված մարզային յոթ հիվանդանոցներից բացի, շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Ճամբարակի, Կապանի և Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաև Վանաձորի 190 մահճակալ ունեցող հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։

Կոտայքի մարզում նախագահ Սարգսյանը մասնակցել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության բացման արարողությանը, ծանոթացել տեսչության վարչական շենքում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նախագահին զեկուցել է, որ հարկային և մաքսային բարեփոխումների շրջանակներում աշխատանքային պայմանների բարելավման և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով Երևանում և մարզերում շահագործվել են տարածքային հարկային տեսչությունների 17 վարչական նոր շենքեր, այդ թվում՝ Հրազդանի և Աշտարակի ՏՀՏ-ների վարչական նոր շենքերը: Առաջիկա մեկ-երկու տարում Կապանում, Իջևանում, Արմավիրում և Մասիսում վարչական նոր շենքերի շահագործմամբ, ըստ ՊԵԿ նախագահի, կավարտվի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մասով վարչական շենքերի արդիականացման ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG