Մատչելիության հղումներ

Աշոտ Սուքիասյանը վերադառնում էր Հայաստան. Վրաստանի գլխավոր դատախազություն


Աշոտ Սուքիասյան

Աշոտ Սուքիասյան

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրը ձերբակալված Աշոտ Սուքիասյանը պատրաստվում էր վերադառնալ Հայաստան։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թիմուր Դոլիձեն։

Սուքիասյանը Վրաստան է ժամանել Թուրքիայից՝ օդային ճանապարհով։ Դոլիձեն պատմեց, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աշոտ Սուքիասյանի փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նրան «Ինտերպոլի» միջոցով հետախուզում է Հայաստանի ոստիկանությունը. Սուքիասյանին անմիջապես ձերբակալել են։

«Նրան ձերբակալել են օդանավակայանում՝ Վրաստանի սահմանին, անձնագրի ստուգման արդյունքում ոստիկանությունը պարզեց, որ Աշոտ Սուքիասյանին հետախուզում է «Ինտերպոլը»։ Սուքիասյանը ցանկանում էր տրանզիտով ուղևորվել Հայաստան, բայց քանի որ «Ինտերպոլը» պահանջել էր նրան անմիջապես ձերբակալել, իրավապահները այդպես էլ արեցին, այժմ նախապատրաստվում են նրան Հայաստանին արտահանձնելու փաստաթղթերը»,- ասաց Դոլիձեն։

Աշոտ Սուքիասյանը, հիշեցնենք, ներգրավված է հայտնի «օֆշորային գործում»։ Ոստիկանությունը 2013 թվականի հունիսի 17-ին մեղադրանք էր ներկայացրել նրան` առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ:

Ուշագրավ է, որ Սուքիասյանին մեղադրանքը ներկայացվեց քրեական գործը հարուցելուց ամիսներ անց միայն, և այն էլ` «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, ըստ որի` Սուքիասյանը Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը:

Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի փոխանցմամբ՝ այս պահին Աշոտ Սուքիասյանը Վրաստանի ոստիկանությունում է, հանձնարարվել է որքան հնարավոր է արագ պատրաստել նրան Հայաստանին արտահանձնելու փաստաթղթերը։

«Նա ոչինչ չի պահանջել, ոչինչ չի ասել և պարտավոր չէ։ Մենք տեղյակ չենք, թե ինչում են մեղադրում Սուքիասյանին։ Նրան հարցեր ունեն Հայաստանի գլխավոր դատախազությունում, մանրամասները մեզ չեն հետաքրքրում, քանի որ սա մեր գործը չէ»,- ասաց Դոլիձեն՝ հավելելով, որ Սուքիասյանին արտահանձնելու օրը դեռ հստակ չէ, բայց հավանաբար դա տեղի կունենա առաջիկա օրերին։
XS
SM
MD
LG