Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ գերեվարված ծերունու նկատմամբ բռնություն է գործադրվել


Հայաստանյան իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Ադրբեջանում գերի ընկած հայ ծերունու նկատմամբ բռնություն է գործադրվել։

Մտահոգության առիթը երեկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութն է, որը տարածված է ինտերնետում։ Տեսանյութում ներկայացված է հարցազրույց 77-ամյա գերեվարված Մամիկոն Խոջոյանի հետ։ Նա պառկած է հիվանդասենյակում, թևը գիպսի մեջ է, հարցեր են տրվում հայերենով և Խոջոյանը պատասխանում է։ Ադրբեջաներեն թարգմանության պատճառով դժվարությամբ լսելի հայերենից հասկացվում է, որ ծերունին պատմում է, թե ինչպես է այգիներն անցնելով հատել սահմանը։

Իրավապաշտպանները հարցնում են՝ ծերունին ինչպե՞ս է ստացել ձեռքի կոտրվածքը. փաստ է, որ գերեվարման առաջին օրը ադրբեջանական կայքերի տարածած նկարներում նա ազատ տեղաշարժում է թևը, և որևէ վնասվածք տեսանելի չէ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու կայքերը հենց սկզբից շրջանառության մեջ դրեցին Խոջոյանի՝ դիվերսանտ լինելու, իբր դիվերսիայի փորձի ժամանակ վիրավորվելու վարկածը, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը լուրջ կասկածներ ունի, որ ծերունուն խոշտանգել են դիտավորյալ՝ ի սկզբանե տարածած պաշտոնական տեղեկատվությունը իբր հիմնավորելու համար։

«Չեմ բացառում, որ բեմադրությունը հասնում է, իրոք, նացիստական մեթոդների, չի բացառվում, որ իրեն վիրավորել են արդեն գերության մեջ։ Սա պարանոիա է ավելի շատ հիշեցնում, հոգեկան հիվանդության ծայրահեղ դրսևորում, քան պետական մարմնի, կամ պետության, քաղաքական էլիտայի բացատրելի վարք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ «աննախադեպ» որակելով Մամիկոն Խոջոյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնելով, որ գերուն, առավել ևս հիվանդ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն հեռուստատեսությամբ ցուցադրելն արդեն իսկ Ժնևյան կոնվենցիայի խախտում է, նախկին օմբուդսմենը ընդգծեց, որ խնդիրն արդեն դուրս է եկել նույնիսկ այդ շրջանակներից։ Վերջին տարիներին գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը՝ Մանվել Սարիբեկյանի դիակը վերադարձնելը, մեկ այլ գերու խելագարության հասցնելը, հիմա էլ 77-ամյա ծերունու հետ նման կերպ վարվելը, ըստ իրավապաշտպանի, արդեն իսկ ամենաբարձր մակարդակներով Ադրբեջանի հարցը դնելու անհրաժեշտություն է ստեղծում։

«Հակոբ Ինջիղուլյանի փորձը ցույց տվեց, որ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ նամակագրությունը զրո արդյունք է տալիս։ Խնդիրը պետք է բարձրացվի պետական մակարդակով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, ով նաև կառավարությանն առընթեր գերիների, պատանդների հարցերի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ է։

«Եթե Կարմիր Խաչին այսօր Ադրբեջանը արհամարհում է ակնհայտորեն, մենք պետք է փնտրենք և գտնենք մեկ այլ պետություն, որն իր վրա կվերցնի նման միջամտությունները։ Չէ՞ որ ժնևյան կոնվենցիաները թույլ են տալիս դա, երբ խոսում ենք միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի մասին, չի նշանակում, որ դա միակ կազմակերպությունն է։ Նույն առաքելությունը իր վրա կարող է վերցնել որևէ այլ պետություն կամ միջազգային կազմակերպություն՝ սկսած Վրաստանից, որն ունի փորձ, վերջացրած ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ խոշոր պետությունների, որոնք ունեն իրենց դեսպանատները Ադրբեջանում»,- նշեց նա։

Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակը դեռ չի հանդիպել Մամիկոն Խոջոյանին, Ադրբեջանի իշխանությունները չեն թույլատրել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս ծերունու նկատմամբ վերաբերմունքը «խայտառակություն» է համարում։ Նրա համար ևս կասկածելի է Մամիկոն Խոջոյանի մարմնական վնասվածքը։ Բայց այս ամենից զատ իրապաշտպանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առաջ քաշեց սահմանի պաշտպանության խնդիրը։

«Ո՞նց է լինում, որ 77-ամյա գյուղացին հայտնվում է այնտեղ... Սահմանն այդպես թափանցի՞կ է արդեն»- հարցնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը։

Այս իրադարձությունների ֆոնին այսօր ուշագրավ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանցի 5 հոգանոց մի ընտանիք հատել է հայ- վրացական սահմանը։ Երիտասարդ ամուսինները երեք մանկահասակ երեխաների հետ դիմել են հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ և Հայաստանի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրել։ Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի տեղեկատվության, ընտանիքը բողոքել է իրենց նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հալածանքներից և հատուկ ծառայությունների ճնշումներից, որպես պատճառ նշելով կնոջ՝ հայկական արմատներ ունենալը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG