Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մանրամասներ է հրապարակել ապաստան խնդրող ադրբեջանցի ընտանիքի մասին


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հրապարակել է Հայաստանում քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի անդամների անունները։ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ընտանիքը որոշել է Հայաստանում ապաստան գտնել՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ճնշման ենթարկվելու պատճառով։

«Հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով»,- ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

Օրուջևը, ըստ ԱԱԾ-ի, պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983 թվականին ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո:

«Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:
Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG