Մատչելիության հղումներ

logo-print
Երևանում վերջին տարիներին ընթացող տարբեր շինարարական նախագծերի դեմ պայքարող քաղաքացիները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարում են միավորվելու ու միասնական ուժերով ապօրինի շինարարության դեմ պայքար սկսելու մասին։

Կոմիտաս 5, Սայաթ-Նովա 10, Տերյան 23, Ամիրյան 24, Նալբանդյան 106, Բուզանդ և այլ շենքերի բնակիչները, Կոզերն թաղամասը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ը, «Մեր քաղաքը» ու քաղաքացիական այլ նախաձեռնություններ արձանագրում են, որ իրենց բողոքն ու դժգոհությունը հարուցած շինարարական նախագծերի դեմ տարվող պայքարը հիմնականում արդյունք չի տվել, իսկ դատարանում հայտնված գործերն էլ ընդհամենը ժամանակ են ձգձգել։

Եթե 6 տարի առաջ Ամիրյան 24-ի բակում քաղաքապետարանը թույլ չէր տալիս բնակիչներին աղբաման տեղադրել, պատճառաբանելով, թե բակում աղբամանի տեղ չկա, ապա այսօր բնակիչները զարմանում են, թե որտեղի՞ց բակում տեղ հայտնվեց 16 հարկանի մոնոլիտ շենքի համար:

Կոմիտաս 5-ում բնակիչները նույնիսկ փողոց փակեցին, ապօրինությունը վերացնելու պահանջ ներկայացրեցին, սակայն գործն ավարտվեց ակտիվիստ, բնակիչ ու ոստիկան բախումներով, 26 մարդ բերման ենթարկվեց։ Շենքն արդեն կառուցվում է։ Պայքարի միակ արդյունքը եղավ այն, որ կառուցվող շենքի հարկերը նվազեցին, սակայն, ինչպես բնակիչներն են պնդում՝ շինարարական նորմերի խախտումները դրանով չվերացան։

Պետությունն ու քաղաքացիները հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, «Ազատության» հետ զրույցում ասում է Անդրանիկ սարկավագն ու հավելում՝ այսօր փողն է գերիշխում, ով փող տալիս է՝ նա էլ իր կամքն է թելադրում, նույնիսկ օրենք շրջանցում։ Անդրանիկ սարկավագը պայքարում էր Սայաթ-Նովա 10-ի շինարարության դեմ։ Այս հասցեում էլ շենքն արդեն կառուցվում է, բնակիչներն ասում են թե՛ մաքուր օդից են զրկվել, թե՛ լույսից, թե՛ սեփական հարկի տակ հանգստանալու իրավունքից։

Նախաձեռնության անդամներն ասում են ժողովրդին այլևս հիմարի կարգավիճակում տեսնել չեն ուզում, հետևաբար հարցի միակ լուծումը միավորումն են համարում։

«Ընդամենն ուզում ենք օրենքի գերակայություն ՀՀ քաղաքացիների համար։ Հիմա մենք կարող ենք ոչ միայն իրավական դաշտում, այլև անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական նախաձեռնության միջոցով, ինչպես Մաշտոցի պուրակում կատարվեց, նմանատիպ ակցիաներ կատարել և եթե պետք է մենք կանենք և միգուցե փողոց էլ փակենք։ Մենք իրավունք ունե՞նք ապրել սեփական երկրում, գրված օրենքներով, թե պետք է ապրենք ինչ որ մարդկանց օրենքներով, որը փոփոխվում է օրեցօր»,-«Ազատության» հետ զրույցում ասում է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:
XS
SM
MD
LG