Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններն Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը


Եվրամիության հետ առևտրային բանակցություններ հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Ազատության» այն հարցին, թե Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո, որոնք ավարտվեցին անցած հուլիսին, պաշտոնական Երևանը Եվրոպական միության հետ առևտրային որևէ բանակցություն վարու՞մ է, էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք նոր առևտրային բանակցություններ Եվրոպական միության հետ այս պահի դրությամբ չենք վարում: Գիտեք՝ այստեղ մի նրբություն կա․ Մաքսային միության անդամ դառնալուց հետո առևտրային ռեժիմին առնչվող շատ հարցեր բանակցվում են արդեն որպես Մաքսային միություն, ոչ որպես առանձին երկրներ»:

Գարեգին Մլեքոնյանը այսօր հանդիպել էր լրագրողներին՝ ներկայացնելու, թե Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանում ո՞ր ապրանքների գծով կաճեն մաքսային դրույքաչափերը, որո՞նց գծով կնվազեն:

Մաքսային միության Միասնական մաքսային օրենսգիրքը հիմնված է Ռուսաստանի մաքսային օրենսգրքի վրա: Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս փաստը չի՞ նշանակում, որ Մաքսային միությունը հարմարեցված է միայն Ռուսաստանի տնտեսությանը, ու հետևաբար՝ արդյոք այս փաստը չի՞ նշանակում նաև, որ Մաքսային միության ներսում ծագած ցանկացած խնդիր նախևառաջ լուծվելու է Ռուսաստանի շահերի համաձայն: Գարեգին Մելքոնյանն այսպես պատասխանեց․ - «Այո, Մաքսային միության գործող ընդհանուր տարիֆային համակարգը՝ այսինքն մաքսատուրքերի դրույքաչափերի ողջ փաթեթը հիմնված է Ռուսաստանի մաքսատուրքերի դրույքաչափի փաթեթի վրա: Եթե զուտ մասնագիտական տեսանկյունից պատասխանեմ, ապա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է հանդիսանում Մաքսային միության անդամներից միայն Ռուսաստանը: Ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չեն, հետևաբար այս պահի դրությամբ որևէ պարտավորություն ԱՀԿ-ի հանդեպ չունեն: Մնացած ենթատեքստը, կարծում եմ, ես չէ, որ պետք է պատասխանեմ»:

Ինչ վերաբերում է Մաքսային միության դրուքաչափերին՝ մաքսային օրենսգրքի ապրանքների անվանացանկը ներառում է 11 553 տող ապրանք: Ըստ Գարեգին Մելքոնյանի, նշվածի մոտ 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում, 14.5 տոկոսի դեպքում՝ ավելի ցածր են, 17 տոկոսի դեպքում՝ նույնն են: Մնացած ապրանքների գծով «հաշվարկը իրականացվում է այլ մեթոդներով»:

Էկոնոմիկայի փոխնախարարը ընդգծեց, որ ներկայացվածը գործող դրույքաչափերն են, և դրանք պետք է որ փոխվեն, քանի որ դառնալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ՝ Ռուսաստանը պարտավորվել է մինչև 2020թ․-ը իջեցնել իր որոշ մաքսային դրույքաչափեր՝ դրանք համապատասխանեցնելով կազմակերպության դրույքաչափերին: Համապատասխանաբար, այդ դրույքաչափերը կարող են փոխվել նաև Մաքսային միությունում: Սակայն մինչև 2020թ․-ը տարիներ պետք է անցնեն և Հայաստանի կառավարությունը մոտ 850 ապրանքների գծով բանակցություններ է սկսել Մաքսային միության հետ, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը մնան նույնը:

«Իսկ եթե ընդառաջ չգնան, մերժեն, ի՞նչ է անելու Հայաստանը»,- հարց ուղղվեց Գարեգին Մելքոնյանին:

«Մերժելու խնդիր չկա, որովհետև մենք առաջնային քննարկումների ժամանակ նշել ենք, որ լինելու են ապրանքներ, որոնց մասով մեր դրույքաչափերը բարձրացնելը լինելու է մեզ համար խնդրահարույց: Համապատասխան կետ, որ նմանատիպ բացառությունների շուրջ մենք պետք է գանք համաձայնության, նույնիսկ ներառված է ճանապարհային քարտեզում: Այն, որ ցանկը պիտի լինի, մենք տարաձայնություն չունենք: Թե այդ ցանկի մեջ ինչքան ապրանքատեսակ կլինի՝ կախված է բանակցություններից: Հիմա որևէ մեկը, ամենայն անկեղծությամբ, չի կարող ասել, թե բանակցությունների արդյունքում մենք ինչպիսի ցուցակ կունենանք», - պատասխանեց Գարեգին Մելքոնյանը:

Գարեգին Մելքոնյանը նաև տեղկացրեց, որ այս տարվա հունվարի 1-ից Եվրամիությունը Հայաստանի համար սահմանել է GSP+ առևտրային ռեժիմը, ինչը Հայաստանից բացի տրված է աշխարհի ևս 9 երկրների (այդ թվում Վրաստանին) և ինչը նշանակում է, որ հայաստանյան մոտ 6 հազար անուն ապրանքների նկատմամբ, որոնք արտահանվում են Եվրամիություն, կկիրառվի կա՛մ զրոյացված մաքսատուրք, կա՛մ՝ շատ ցածր: Սակայն այդ ռեժիմը տրվել է ընդամենը երեք տարով: Երեք տարի անց ԵՄ-ը պետք է անդրադառնա հարցին, և եթե Հայաստանը շարունակում է համապատասխանել չափանիշներին, ռեժիմը կպահպանվի: Մյուս կողմից, պարզ չէ՝ այդ ռեժիմը կպահպանվի՞ Հայաստանի դեպքում, երբ մեր երկիրը դառնա Մաքսային միության անդամ: Մելքոնյանն ասաց, թե հարցը կարող է դառնալ բանակցությունների առարկա:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մոտ 7 հազար անուն ապրանքներից, որոնց գծով մաքսատուրքեըը ավելի բարձր են Մաքսային միությունում, Հայաստանի կառավարությունը բանակցում է ընդամենը 850-ի գծով: Եվ անգամ եթե Մոսկվայում ընդառաջ գնան բոլոր 850 ապրանքների գծով էլ, ստացվում է, որ ապրանքների կեսից ավելին, միևնույնն է թանկանալու են, քանի որ դրանց մաքսատուրքերը բարձրանալու են:

«Կենսամակարդակի վրա շատ ուղղակի ազդեցություն կլինի, այսինքն՝ աղքատության մակարդակը կբարձրանա, որովհետև շատ ապրանքներ այսօր եվրոպական երկրներից են ներմուծվում», - մեկնաբանեց Թունյանը, հավելելով, թե դա էլ, իր հերթին, բացասաբար կանդրադառնա հայաստանյան բիզնեսի վրա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG