Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հանդես է գալիս «Մարտի 1»-ի հանձնաժողով ստեղծելու նոր նախաձեռնությամբ


Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ)
Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ)
Մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժոով ստեղծելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջարկվող նոր նախագիծը էականորեն չի տարբերվում նախորդից, որն 8 ամիս առաջ խորհրդարանական մեծամասնությունը տապալեց:

Բայց, ինչպես «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ պատգամավոր, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, այդ հարցը կրկին առաջ քաշելով նպատակ ունեն պարզել, թե «Մարտի 1»-ի բացահայտմանն ուղղված ինչ քայլեր են ձեռնարկում Գլխավոր դատախազության ու Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավարները։

«Փոխվել է ՀՔԾ պետը, փոխվել է Գլխավոր դատախազը, արդեն 4-5 ամիս է, և կարելի էր ենթադրել, որ այդ անձինք պետք է վերանայած լինեին նախորդ պաշտոնյաների կողմից տրված գնահատականները, կամ գործի քննության վերաբերյալ նոր ցուցումներ, նոր հանձնարարականներ տրված լինեին, ինչ-որ ընթացք արձանագրված լիներ տեղաշարժի։ Դրա մասին պետք է նաև տուժողների իրավահաջորդները տեղյակ լինեին, հանրությունը տեղյակ լիներ։ Ցավոք, չկա որևէ նման տեղեկատվություն: Մենք, այո, կրկին նախաձեռնել ենք խորհրդարանական այդ մեխանիզմով, լծակով փորձել տեղաշարժել մեռյալ կետից այդ բացահայտման գործընթացը», - ասաց Ջհանգիրյանը։

Կոնգրեսն առաջարկում է ստեղծել այնպիսի հանձնաժողով, որը կուսումնասիրի Մարտի 1-ի տասը սպանությունները, հարյուրավոր անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը, ուսումնասիրության առարկա դարձնի նաև ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և Գլխավոր դատախազության գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Իրավունք ունենա հարցումներով դիմել պետական կառույցներին ու նախաքննական մարմիններին և ստանալ պարզաբանումներ։

Նախորդ անգամ՝ անցած տարվա մայիսի վերջին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, «Օրինաց երկիր»-ը չմասնակցեց նմանատիպ նախագծի քվեարկությանը: Կողմ արտահայտվեցին ինչպես ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան»-ը, որին ընդդիմությունը նախկինում բազմիցս է մեղադրել «Մարտի 1»-ի բախումներում դերակատարություն ունենալու մեջ:

Թե ի՞նչ ընթացակարգով են այս նախագիծը մտցնում խորհրդարան,Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանեց. - «Մենք ունենք երկու տարբերակ. գնալ սովորական ճանապարհով՝ հանձնաժողով, քննարկում, եզրակացություն, լիագումար նիստ, մերժել կամ ընդունել և այլն, կամ գնալ երկրորդ ճանապարհով՝ հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ (քանի որ խոսքը Ազգային Ժողովի որոշման նախագծի մասին է) և միանգամից մտցնել լիագումար նիստ` քննարկման։ Տեսնենք, տակտիկական առումով որն է ավելի ձեռնտու և հավանական, այդ ճանապարհով էլ կգնանք»։

Հարցին, թե արդյոք որևէ կապ չկա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման ֆոնին տարբեր շրջանակներից Կոնգրեսին ուղղվող մեղադրանքների և իրենց այս նախաձեռնության միջև, արդյո՞ք «Մարտի 1»-ի հարցը կրկին օրակարգ բերելը իրենց Քոչարյանից տարանջատելու փորձ չէ, պատգամավորը պատասխանեց. - «Այդպիսի որևէ ենթատեքստ այդտեղ չեմ էլ տեսնում։ Նախաձեռնությունը եղել է անցած տարի, մենք այս տարի փաստորեն կրկնել ենք Մարտի 1-ի նախօրեին, ինչը պարտավոր էինք անել, և այստեղ ես որևէ այլ քաղաքական ենթատեքստ ո'չ դրել եմ որպես այդ նախագծի հեղինակ, ո'չ էլ ցանկանում եմ դնել։ Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր մասնակից են եղել, մեղսակից են եղել մարտի 1-2-ի դեպքերին, սպանություններին, անմեղ մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելուն, բանակի ապօրինի կիրառմանը, հարյուրավոր անմեղ մարդկանց ձերբակալմանը, կալանավորմանն ու դատապարտմանը, անկախ նրանից՝ նրանք հիմա որ քաղաքական թիմի մեջ են, որտեղ են, բոլորը պետք է կանգնեն դատարանի առաջ։ Մարտի 1-ի հրամանագիրը ստորագրել է Քոչարյանը, ինչպե՞ս կարող է մենք անտեսենք նրա մասնակցությունը այդ պրոցեսներին։ Բանակին ապօրինի ներգրավել է այդ հրամանագրով, հակասահմանադրական ձևով, էլ չեմ ասում, հազար ու մի ապօրինի զինված հանցավոր խմբեր են մասնակցել»:

Մարտի 1-ի զոհերի ծնողները այս նախաձեռնությունը համարում են խնդիրը օրակարգում պահելու փորձ` անկախ նրանից, թե նախագիծը ինչ ճակատագրի կարժանանա։ Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի ու Գոռ Քլոյանի հայրերը՝ Հովսեփ Խաչատրյանը, Վաչագան Ֆարմանյանն ու Սարգիս Քլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում էին, որ երբ ընդդիմությունն ու իրենք լռում են, իշխանությունն ամեն ինչ անում է, որ իրենց զավակներին բոլորը մոռանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG