Մատչելիության հղումներ

logo-print

Եղնուկյանին վերջապես տրամադրվեցին իր մեքենայի անվադողերը վնասելու գործով նյութերը


Այսօր քննիչ Մովսիսյանը այս գործով արդեն երրորդ դատական նիստի ժամանակ դատարանին և դիմող կողմին վերջապես տրամադրեց հոկտեմբերի 15-ին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի անվադողերը պատռելու գործով նյութերը:

Եղնուկյանը համոզված է, որ սա կարելի էր անել շատ ավելի վաղ` չձգձգելով դատական գործընթացը:

Ըստ Եղնուկյանի փաստաբանի, գործի նյութերում ամենահետաքրքիրն այն է, թե արդյոք պարզվել են ակտիվիստի մեքենային վնաս պատճառելու շարժառիթները: Միայն դրանք ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա, արդյոք նախաքննությունն անկողմանկալ է իրականացվել: Այս գործով, նշենք, ակտիվիստի փաստաբանը միջնորդել էր, որպեսզի դատավորը ինքնաբացարկ ներայացնի, սակայն միջնորդությունը մերժվել էր:

«Պետք է քննիչը պարզեր շարժառիթները՝ թե ով է նախապատրաստել, ով է կարգադրել, ով է ղեկավարել եւ ինչի համար են հենց Կարո Եղնուկյանի անվադողերը վնասել: Արդյո՞ք դա կապ ունի իր քաղաքական, քաղաքացիական գործունեության, Փակ շուկայի շարժման հետ, թե՞ ոչ: Այս ամենը պետք է պարզվի», - «Ազատությանը» փոխանցեց Տիգրան Հայրապետյանը:

Փակ շուկայի վերականգնման համար պայքարող «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը շարունակում է պնդել, որ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետապնդում է իրեն եւ հենց նրա ուղղորդմամբ են իր դատական գործերը ձգձգվում: Պատճառը, ըստ ակտիվիստի, Փակ շուկայի համար տարած իր պայքարն է, որի սեփականատերը հենց Սամվել Ալեքսանյանն է․

«Դատարանը արդեն ցույց է տալիս կողմնակալություն և ցույց է տալիս, որ իրենք մտադրված են այս գործը չբացահայտել, որովհետև եթե ուզեն բացահայտել, այն միանշանակ հասնելու է մինչև Սամվել Ալեքսանյանին, նրանից հետո էլ թե ուր է հասնելու, իրենք գիտեն», - «Ազատությանը» փոխանցեց Կարո Եղնուկյանը:

Նշենք, որ այս պահին Կարո Եղնուկյանի հայցերի հիման վրա 3 տարբեր դատական գործընթացներ են ընթանում: Դրանցից մեկը վերաբերում է «գրանտակեր, մասոն, լրտես» մակագրություններով և իր նկարով ցուցապաստառին, որը փակցված էր Փակ շուկայի ճակատային մասում: Եղնուկյանի պնդմամբ` դա ատելություն է սերմանում իր անձի նկատմամբ, որի ապացույցն են պաստառը փակցնելուց հետո իր երկու վնասված մեքենաները՝ առաջին անգամ պատռեցին ակտիվիստի մեքենայի անվադողերը, դրանից մի քանի օր հետո ծանր գործիքով վնասեցին մեկ այլ մեքենայի շարժիչի ծածկոցը եւ կոտրեցին հայելին:

«Ըստ էության, մեր հաղորդումը հանցագործության փաստով, որ թշնամանք, ատելություն, բռնություն է հրահրվում, ինչի արդյուքները մենք տեսանք (մեքենաները վնասելը), բաժանվեց երկու առանձին հանցագործության դեպքերի՝ «գույքին դիտավորությամբ վնաս պատճառելու» մեղադրանքով, բայց առանց հետաքննություն կամ նախաքննություն իրականացնելու, առանց պարզելու, թե ինչի համար են վնասել մեքենաները», - ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG