Մատչելիության հղումներ

Սիրիահայերը չեն շտապում վճարել Նոր Հալեպում բնակարան ունենալու համար


Սիրիահայերը չեն շտապում վճարել Նոր Հալեպում բնակարան ունենալու համար
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Դեռևս ոչ մի սիրիահայ Աշտարակում կառուցվելիք Նոր Հալեպ թաղամասում բնակարան ունենալու համար պայմանագիր չի կնքել ու վճարումներ չի կատարել։

Մինչդեռ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ավելի քան 600 դիմում էր ներկայացվել: Կենտրոնը, որը թաղամասի կառուցման պատասխանատուն է, շուրջ 2 ամիս առաջ հայտարարություն է տարածել` սիրիահայերին խնդրելով ստորագրել պայմանագրերը։

Համաձայն այդ փաստաթղթի, ապագա բնակարանատերը պարտավորվում է 5 հազար դոլար փոխանցել կենտրոնի հաշվեհամարին։ Սա այն գումարի մի մասն է, որ սիրիահայերը պետք է վճարեն բնակարան ունենալու համար։

Նախնական տվյալներով, շուրջ 500 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար կպահանջվի 35 միլիոն դոլար։ Գումարի հավաքագրման համար հաշվեհամար է բացվել, որին առայժմ փոխանցվել է 150 հազար դոլար։

Առանց ներքին հարդարման բնակարանների 1 քառակուսի մետրի դիմաց սիրիահայերը պետք է վճարեն մինչեւ 500 դոլար: Կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ սա սոցիալական ծրագիր չէ։

Հալաջյանի փոխանցմամբ` թաղամասի կառուցման համար կառավարությունն արդեն արտոնություններ է տվել իրենց կենտրոնին։ Աշտարակի քաղաքապետարանը անվճար հող է հատկացրել, թաղամասի նախագծման համար ևս որոշակի արտոնություններ են կատարվել, և որ ամենակարևորն է՝ բացվել առանձին հաշվեհամար, որտեղ ցանկացողները կարող են իրենց լուման ներդնել հայրենիքում սիրիահայերի հաստատվելու համար։ Եվ որքան շատ գումար ներդնեն բարերարները, այնքան կնվազի սիրիահայերից գանձվող գումարը։

Հալաջյանի համար անբացատրելի է սիրիահայերի այս պասիվությունը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարեվերջին նշել էր, որ 2 տարուց, ըստ ամենայնի, թաղամասը շահագործման կհանձնվի: Մինչդեռ, եթե այս պասիվությունը շարունակվի, Հալաջյանի կարծիքով, ծրագրի իրականացումը կարող է կասկածի տակ դրվել:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում ենթադրում են, որ գուցե դեռ այդչափ վստահություն չկա ծրագրի նկատմամբ, կամ պասիվությունը կապված է ֆինանսական հարցերի հետ, կամ էլ սպասում են հաշվեհամարի գումարների ավելացմանը, որ իրենք ավելի քիչ վճարեն:

Ծրագրի հայտարարման սկզբում դիմում ներկայացրած սիրիահայերը տարբեր պատճառաբանություններ են բերում՝ չցանկանալով, սակայն, այդ մասին հրապարակավ խոսել։ Ոմանք մտադիր չեն հայրենիքում շարունակել կյանքը, ոմանք հավատ չեն տածում, ոմանք էլ պարզապես գումար չունեն։

Մհեր Ազեզյանը այն սիրիահայերից է, ով հավատում է թաղամասի կառուցմանը, բայց դեռ չի շտապում գումար վճարել ու պայմանագիր ստորագրել. սպասում է բարերարների ակտիվությունը։

Մհերը ճարտարագիտական համալսարանում է աշխատում։ Թաղամասի նախագծման աշխատանքները կատարվել են այստեղ։ Մհերը ևս մասնակցել է դրանց, և վստահ է, որ ծրագիրը կիրականացվի:

Իսկ Րաֆֆի Թաշչյանը, օրինակ, չի մասնակցելու այս ծրագրին: Հալեպի նախկին բնակիչը հեռու է համարում Աշտարակը: Նրա խոսքով` սիրիահայերը կենտրոնացել են Երևանում, և նրանց հարմար չէ տեղափոխվել Աշտարակ: Րաֆֆիի ու նրա շրջապատից շատերի համար մեծ խնդիր է նաև պահանջվող գումարը:

Չնայած դանդաղ ընթացքին, սիրիահայերի կենտրոնում առաջիկայում պատրաստվում են դիմել սփյուռքահայությանը՝ թաղամասի կառուցման համար գումարներ նվիրաբերելու խնդրանքով։ Առայժմ հիմնականում հայաստանաբնակներն են ներդրումներ արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG