Մատչելիության հղումներ

Հայաստանը պատճառ չի տեսնում ձգձգելու Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը


Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը, Պրահա, 30-ը հունվարի, 2014թ․

Հայաստանի և Չեխիայի նախագահների համատեղ ասուլիսը, Պրահա, 30-ը հունվարի, 2014թ․

Այսօր Չեխիայի ամրոցում, որը չեխերեն կոչվում է Պրաժսկի Հրադ, հանդիպեցին Հայաստանի և Չեխիայի նախագահները:

Առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ Հայաստանի ղեկավարը պետական այցով ժամանեց Չեխիայի Հանրապետություն: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, որին հաջորդեց փաստաթղթերի ստորագրումը: Ստորագրվեցին տնտեսության, առողջապահության, հարկային և բնապահպանության բնագավառներում համագործակցելու մասին փաստաթղթեր:

Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդեց նախագահներ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ ասուլիսը: Սկզբում նախագահները հանդես եկան կարճ հայտարարությամբ:

Չեխիայի նախագահի հայտարարությունը հետաքրքիր էր այն առումով, որ Միլոշ Զեմանը այսօր իր ելույթում, ըստ էության, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1915-ի իրադարձությունները բնութագրելով «գենոցիդ» բառով:

«Հաջորդ տարի լրանում է հայ ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին», - ասաց Չեխիայի նախագահը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Պրահայում կայացած բանակցություններին հաջորդած ասուլիսում:

Իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, թե Չեխիան ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշմանը Մաքսային միությանը միանալու մասին, նշելով, միաժամանակ, որ Եվրամիության հետ համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Սերժ Սարգսյանը կրկնեց, որ Մաքսային միությանը միանալը չի բացառում Եվրամիության հետ համագործակցությունը․ - «Մենք Վիլնյուսում Եվրամիության հետ համատեղ հայտարարություն ընդունեցինք, որտեղ մենք հաստատեցինք մեր ցանկությունը՝ հետագա համագործակցության: Եվ մենք շարունակելու ենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը օգտագործել որպես Հայաստանում բարեփոխումների համար լավ խթան և միջոց: Մենք առաջարկել ենք Եվրոպական միությանը ստորագրել ասոցացման համաձայնագիր առանց ազատ առևտրի պայմանագրի, որովհետև Մաքսային միության և ազատ առևտրի կանոնակարգերը, ոչ մեր մեղքով, իրար հակասում են: Եվ կարծում եմ, որ մենք համագործակցելու ենք Եվրամիության հետ շատ ավելի ինտենսիվ, քան նախկինում էր»:

Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց մեր ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը այդպիսի շտապողականություն ցուցաբերում Մաքսային միությանը միանալու հարցում, այն դեպքում, երբ հենց այդ Միության նախաձեռնող երկիրը՝ Ռուսաստանը, անտարբերությամբ հետևում է, թե իր դաշնակից Հայաստանի սահմանակից շրջանները ինչպես են ամեն օր գնդակոծվում և եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, ապա ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ արդիական զենք վաճառում Ադրբեջանին:

Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասաց․ - «Ես այստեղ երկու նկատառում ունեմ: Առաջին նկատառումս այն է, որ մենք սովոր չենք բողոքելու: Ես՝ կոնկրետ, սովոր չեմ բողոքելու: Երկրորդ՝ ես կարծում եմ, որ Դուք հնարավորություն ունեք Երևանում այս հարցերը ինձ ուղղելու, և եթե այս հարցը ուղղում եք Պրահայում, ես ստիպված ուղղակի Ձեզ պատասխանում եմ, որ ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Երկրորդ՝ ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունը առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո՛, ռուսական կողմը համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է մեր սահմաններում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դուք հնարավորություն եք ունեցել համոզվելու, որ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է մեր կողմից: Մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը, մեր սահմանների անառիկությունը: Եվ, իմիջիայլոց, Ձեզ պիտի ասեմ, որ մեր այդ կարողությունները ձևավորվել, հիմա էլ համալրվում են նաև Ռուսաստանի Դաշնության ջանքերով»:

Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը խոսեցին նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հնարավորության մասին: «Հայլուրի» թղթակիցը հարցրեց, թե ի՞նչ է մտածում Հայաստանը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին:

Հայաստանի նախագահը պատասխանեց, թե այդ հարցը Եվրամիության անդամ երկրների որոշելիք հարցն է, բայց Հայաստանը կցանկանար իր սահմաններին ունենալ ժողովրդավարական երկիր:

«Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը առաջին հերթին նշանակում է սահմանների բացում: Իհարկե, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի գործ ունենալ ժողովրդավար, կանխատեսելի երկրի հետ: Իսկ Եվրամիության անդամ լինելը հենց սա է նշանակում», - պատասխանեց Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG