Մատչելիության հղումներ

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը


Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2013-ին 2012 թվականի համեմատ գրեթե 20 տոկոսով ավելի գումար են վճարել պետական բյուջե։ Այս տարի հարկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ընդհանուր առմամբ 37 միլիարդ դրամից ավելի գումար է վճարել, 2-րդ տեղում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որի վճարումները մի փոքր ավելի են 36 միլիարդ դրամից, 3-րդ տեղում «Ղ-տելեկոմ» ընկերությունն է, որի ընդհանուր վճարների չափը գրեթե 30 միլիարդ դրամ է կազմում։

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, այս տարի Խոշոր հարկատուները միասին վճարել են 665 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Ընդհանուր առմամբ հավաքագրված հարկերը գրեթե 20 տոկոսով ավելացել են: Հայկ Գևորգյանը դա այսպես է մեկնաբանում․ - «2012 թվականին սոցվճարները առանձնացված էին, այսինքն՝ չէր մտնում այս ցուցակի մեջ, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից եկամտահարկին գումարվեց սոցվճարը և դարձավ եկամտային հարկ ու այդ ամբողջը մտցվեց այս ցուցակի մեջ: Պետք է հաշվի առնենք նաև սղաճը: Ոչ թե գնաճը, այլ սղաճը՝ դրամի գնողունակության ցուցանիշը: Եթե դա էլ ենք հանում այդ գումարից՝ ուղիղ 6 տոկոս պիտի այդ գումարը փոքրացվի, որպեսզի համադրելի լինի 2012-ի հետ, հանվի սոցվճարները, և կտեսնենք, որ որևէ հրաշք տեղի չի ունեցել»:

Գևորգյանի հաշվարկներով հարկային բեռը տարեցտարի ավելանում է մանր հարկատուների համար: Օրինակ այս տարի ցանկի վերջին 30 հարկատուները 24 տոկոսով ավելի են վճարել, մինչդեռ ցանկի առաջատար 30 հարկատուների վճարած գումարները ընդամենը 15.8 տոկոսով են ավելացել։

«Այսինքն՝ որքան փոքր է հարկատուն, այնքան ավելի մեծ բեռ է իր վրա վերցրել բյուջեն լցնելու գործում», - ասում է Հայկ Գևորգյանը, - «Դա ամենավատ միտումն է, որ կարելի է տեսնել այս ցուցակից»:

Ըստ ՊԵԿ հրապարակած ցուցակի, խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա համեմատ այս տարի եկամուտների քիչ աճ են ունեցել ցանկի 4-րդ հորիզոնականում գտնվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ որը վճարել է գրեթե 19 միլիարդ դրամ և 13-րդ հորիզոնականում գտնվող «Սամ Սեր» ընկերությունը գրեթե 6 միլիարդ դրամ վճարած հարկերով։ Այս ընկերությունները պատկանում են գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ նրանց վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են ընդամենը 2.6 տոկոսով։

«Տրամաբանական չէ դա հաշվի առնելով նաև այն, որ միայն 2013 թվականին շահագործման են հանձնվել Սամվել Ալեքսանյանի երկու նոր խոշոր սուպերմարկետներ, մանրածախ առևտուրը ամբողջ վերցրել է իր վրա ու հարկերը չի ավելացրել: Դա, շատ մեղմ ասած, տարօրինակ է», - մեկնաբանում է Գրիգորյանը:
XS
SM
MD
LG