Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քննարկում են 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ կապված միջադեպը


Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը, 28-ը հունվարի, 2014թ․

Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը, 28-ը հունվարի, 2014թ․

Ադրբեջանցի փորձագետները ծիծաղելի են որակում «դիվերսանտի» վարկածը և ընդգծում, որ տեղի ունեցածը լուրջ հարցեր է առաջ քաշում:

Ադրբեջանցի ռազմական փորձագետները ծիծաղելի են որակում երկրի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հայտարարությունը, թե Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում գերեվարված 77-ամյա վերինկարմիրաղբյուրցի Մամիկոն Խոջոյանը հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ էր:

Բաքվեցի վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշում է․ - «Այդ մարդը դիվերսիոն խմբի հետ որևէ կապ չունի: Դա մի ծեր մարդ է, որը կարծես նաև առողջական խնդիրներ ունի: Նշույլ անգամ չկա, որ պաշտպանության նախարարության պնդումները իրականությանն են համապատասխանում: Ոչ զենք է հայտնաբերվել, ոչ էլ այդ մարդը հրազենային վնասվածքներ ունի»:

Ջաֆարովը պնդում է նաև, թե այս միջադեպը լուրջ հարցեր է առաջ քաշում: «Ավելի լավ կլիներ, եթե պաշտպանության նախարարությունը բացատրեր, թե ինչու են Խոջոյանին գերի վերցրել հասարակ գյուղացիները: Իսկ ի՞նչով էին զբաղված այդ տարածքում ծառայող ադրբեջանցի զինվորները: Եթե Խոջոյանը զինված էր` ինչո՞ւ նա չի կիրառել այդ զենքը: Եվ ամենակարևորը` արդյո՞ք այդ տարածքն ականապատված չէ: Եթե 77 տարեկան հայ ծերունին հեշտությամբ կարող է հատել սահմանը, նշանակում է, որ հատուկ պատրաստություն անցած հայ զինծառայողները ևս հեշտությամբ կարող են մուտք գործել Թովուզ, կամ նույնիսկ՝ Բաքու, իրականացնել իրենց դիվերսիան և հանգիստ վերադառնալ», - նշում է ադրբեջանցի ռազմական փորձագետը:

Հիշեցնենք՝ վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը համառորեն պնդում էր, թե Խոջոյանը դիվերսանտ էր: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգահլիի խոսքերից այժմ պարզ է դառնում, որ Բաքվի վարկածը փոքր-ինչ փոխվել է` այժմ Խոջոյանը ոչ թե դիվերսանտ է, ըստ նրա, այլ դիվերսիոն խմբին կցված և տեղանքին քաջածանոթ ուղեկցորդ: «Շփման գծում փոխհրաձգություն տեղի ունեցավ, որի ընթացքում հայկական դիվերսիոն խումբը նահանջեց: Չնայած դրան՝ մեր զինծառայողներին հաջողվեց գերի վերցնել խմբի ուղեկցորդին», - նշում է ադրբեջանական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Ալիբեյլիի գյուղապետը, սակայն, հերքում է Բաքվից հնչող նաև այս պնդումը: «Մեր համագյուղացիներից մեկը ոչխար արածեցնելու ժամանակ տեսել է այդ հային: Այնտեղ էին նաև ադրբեջանցի զինվորները, նրանք միասին բռնել են այդ մարդուն և նստեցրել մեքենան: Որոշ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո այդ հային տեղափոխել են Բաքու», - նշում է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի տեղական վարչակազմի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG